Աղավնոյում հնչել է Վերջին զանգը

ՀՀայկուշ Ասլանյան

Նախորդ տարվա թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայած Աղավնոյի դպրոցում հնչեց Վերջին զանգը: Թե ինչպես էին ձևավորելու դասարանը Վերջին զանգին, շրջանավարտները որոշել էին դեռ պատերազմից առաջ: Նարեն, որի ընտանիքն այդպես էլ չլքեց հարազատ Աղավնոն, դասարանի ձևավորման պատասխանատվությունը ստանձնել էր նաև չորս դասընկերների փոխարեն, որոնք հիմա այլ դպրոցների շրջանավարտներ են:

Նարե - Այստեղ եմ ծնվել, մեծացել, այստեղ էլ ավարտում եմ:

Ալիսիա - Որոշել եմ դիմել Արցախի պետհամալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ, աշխատում եմ այդ ուղղությամբ:

Եթե Ալիսիան Հադրութի շրջանից չտեղափոխվեր Աղավնո, Նարեն դպրոցի միակ շրջանավարտը կլիներ: Աղջիկները շատ արագ հասկացան իրար: Երկուսն էլ նպատակասլաց, երկուսն էլ՝ ծրագրերով լի: Բոլոր շնորհավորանքները նրանց էին ուղղված, նրանք էին բոլոր բարեմաղթանքների հասցեատերերը:

Տաթևիկ Առաքելյան (Աղավնոյի դպրոցի ավարտական դասարանի դասղեկ) - Ուր էլ լինեն՝ ապրեն խաղաղ երկնքի տակ, երբեք չմոռանան՝ ինչ գնով ենք այս խաղաղությունը ձեռք բերել:

Վարդուշ Մովսիսյան (Քաշաթաղի վարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ) - Պարտավոր ենք հետագայում այնպիսի երկիր ստեղծել, որ մեր կորցրածը իզուր չլինի:

Աղավնոյում դասերը վերսկսվել են հունվարից՝ 8 աշակերտով: Բայց, ի պատիվ նոր բնակիչների, սովորողների թիվը հասել է 32-ի: Շենքը, որտեղ ապրում են, իրենցով է անպարտ՝ դպրոցի տնօրենի այս թեզը առաջինից մինչև 12-րդ դասարան, բոլորը գիտեն: Պողոս Աղաբեկյանն իր սաներին սովորեցնում է անդավաճան լինել հողին:

Պողոս Աղաբեկյան (Աղավնոյի դպրոցի տնօրեն) - Պիտի մնաս, որ հողը մնա, եթե չմնաս՝ ծառդ չջրես՝ չի ծաղկի:

Կարմիր տանիքներով տները, որ լքվել էին պատերազմից հետո, մասամբ վերաբնակեցվել են տեղահանվածներով: Հիմա 41 ընտանիք է ապրում Աղավնոյում:

Անդրանիկ Չավուշյան (Աղավնո համայնքի ղեկավար) - Ուզում ենք լինել կառուցողական, պատերազմին դպրոցը վնասվել էր, սարքեցինք, տները պահեցինք, սկսեցինք կյանքի կոչել:

Պատերազմով անցած Աղավնոն փորձում է ոտքի կանգնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում