Աչաջրում արքայանարնջի այգի են հիմնել

ԳԳայանե Թամամյան

Գարունը աչաջուրցի Սարուխանյանների համար բացվեց արքայանարնջի նորատունկ այգով: Սկսել են 4 ամիս առաջ. գյուղի մերձակայքում 3 հա սեփական հողատարածքը մաքրել քարերից, ցանկապատել, իսկ մեկուկես ամիս առաջ էլ` այգին տնկել:

Հայկ Սարուխանյան (Աչաջուր համայնքի բնակիչ) - Դրել ենք 2 հազար հատ տնկի՝ կարալյոկ, հիմնականում՝ տեղական, փորձի համար դրսից բերել ենք մի քիչ:

Եղբայրների մի ոտքը Ռուսաստանում էր, բայց այգի հիմնելու միտքը փոխեց ծրագրերը:

Ալիկ Սարուխանյան (Աչաջուր համայնքի բնակիչ) - Էս տարի որոշեցինք մեր հողը մշակենք, մենք մերն ունենանք, մեր տեղականը, աշխատանքն էստեղ լինի:

Մեծ գործ բռնելուց առաջ փոքրից են սկսել՝ 2 հազար քմ տնամերձից:

Հայկ Սարուխանյան - Էս գործը որ սկսել եմ 5 տարի առաջ փոքր ձևով, մեր հայաթում ունեմ 30 հատ ծառ, ստացել եմ արդյունք, համոզվել, որ կարելի ա: Պիտի նորմալ մշակես, նորմալ սնուցես:

Այս հողամասում նախկինում ցորեն ու գարի էին ցանում, այգի հիմնելուց առաջ հողի որակը նախապես ստուգել են, այգեգործության սեփական փորձին ավելացրել են ինտենսիվ այգու մշակման վերաբերյալ մասնագետների խորհուրդները, արդեն գործում է կաթիլային ոռոգման համակարգը:

Տնկիների շարքերում հողն էլ պարապ չեն թողել՝ ոլոռ են ցանել:

Ալիկ Սարուխանյան - Սրանից էլ մի քիչ արդյունք կլինի, իրա եկամուտը կլինի, եթե արդյունքը նորմալ լինի, եկող տարի էլ կցանենք, մինչև ինքն արդեն նորմալ բերքի տակ մտնի:

Ալիկն ու Հայկը գրեթե ամեն օր այգում են, ասում են` գործ շատ կա, սա ընտանիքի և հիմնական զբաղմունքը կլինի, և եկամտի աղբյուրը: Սեփական միջոցներով են սկսել, ուզում են նաև օգտվել պետական աջակցության ծրագրերից, արդեն դիմել են ծախսերի փոխհատուցման համար:

Ալիկ Սարուխանյան - Պետք ա որ լավ լինի, մեզանից կախվածն անում ենք: 

Երեք տարի հետո այգին կտա առաջին պտուղը, մինչ այդ մտադիր են ստեղծել նաև սառնարանային տնտեսություն, չրանոց, ընդլայնել այգին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում