30 կազմակերպություն ցուցահանդեսի է ներկայացել աշխատանքի թափուր հաստիքներով

Շուկան աշխատանքի է, աշխատանք փնտրողները՝ հիմնականում երիտասարդներ: Զբոսաշրջության մասնագետ Սոֆիան դեռ գործ է փնտրում: Շառլ Ազնավուրի հրապարակն այսօր աշխատանքի տեղավորման հարթակի է վերածվել:

Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետին կից երիտասարդական հարցերի խորհուրդը և հասարակական կազմակերպություններ նախաձեռնել են գործատուների ու աշխատանք փնտրողների հանդիպումը մեկ վայրում: Թափուր հաստիքների ու առաջարկների փաթեթով եկել է 30 կազմակերպություն:

Գրիգոր Ջանիկյան, «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ նախագահ - Բոլոր համալսարաններին հրավերներ ենք ուղարկել: Փորձել ենք հնարավորինս դիվերսիֆիկացնել մասնագիտությունները, իսկ ոլորտային ներկայացուցիչները ևս տարբեր են: Ունենք բանկային համակարգից ներկայացուցիչներ, մարքեթինգային հետազոտական ընկերություններ, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ:

Գործ կա բուհերում մանկավարժների, սպորտային մեկնաբանի ու բանկի տարբեր բաժինների աշխատակիցների համար:

Աննա Զարգարյան, Բանկի ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար - Այս պահին մեր բանկում ունենք հեռախոսների սպասարկման կենտրոնում աշխատանքի տեղ,հաճախորդների սպասարկման մասնագետների կարիք: Այսօր եկել ենք 5-6 կոնկրետ թափուր հաստիքով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը հատուկ դետեկտորով է եկել մասնագետ փնտրելու: Սարքը ցույց է տալիս, թե որքանով է հավասարակշռված մարդը, նյարդային ինչ վիճակում է և որքան արագ է արձանագում իրավիճակին:

Արմինե Նովրուզյան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ներկայացուցիչ - Հիմնականում մեր թիրախային կետը մարզիկներն են և սպորտին կից ոլորտները: Ունենք մարզական լրագրություն, սպորտային տուրիզմ:

2019-ին նման երկու միջոցառում է կազմակերպվել: Արդյունքում աշխատանքի է տեղավորվել 30 մասնագետ: Թիրախում հիմնականում երիտասարդներն են, բայց շուկան բաց է բոլոր լավ մասնագետների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում