ԵԱՏՄ երկրներում աշխատանք գտնելու առցանց հարթակ

ՄՄուշեղ Իսախանյան

«Աշխատանք առանց սահմանների», այս սկզբունքով են ԵԱՏՄ անդամ 5 երկրի մասնագետներն ստեղծել հարթակ, որում կմեկտեղվեն և՛ գործատուների առաջարկները, և՛ աշխատանք փնտրողների ռեզյումեները: Կողմերին անհրաժեշտ կլինի մուտք գործել «Աշխատանք առանց սահմանների» ծրագրի կայքէջ:

Անահիտ Պարզյան, «Նորք» սոցիալական ծառայությունների տեղեկատվական կենտրոնի գործադիր տնօրեն - Ֆիլտրները, որոնք առկա են այս հարթակում, հնարավորություն են տալիս ընտրել աշխատանք ըստ տարածաշրջանի, ըստ աշխատանքային ժամերի և նաև հեռահար աշխատանքի հնարավորություն են տալիս: Սա բացառիկ հնարավորություն է օնլայն, առանց միջնորդների, գործատուին հնարավորություն տալ հանդիպել աշխատանք փնտրողին և հակառակը:

Հնարավոր է նշել նաև ակնկալվող աշխատվարձը, մասնագիտացումը և աշխատանքն, ըստ ոլորտների, կհայտնվի փնտրողի առաջ: Մասնագետները, սակայն, առավելապես հեռավար աշխատանքի հնարավորությունն են գնահատում:

Անահիտ Պարզյան - Շատ հանգիստ կարելի է ապրել Հայաստանի որևիցե մի լեռնային հատվածում, անգամ հաճելի փոքրիկ գյուղում և աշխատել մի զարգացած տեխնոլոգիական կենտրոնում կամ այլ վերլուծական կենտրոնում, իրականացնել աշխատանք՝ հեռահար: Սա այդ հնարավորությունը նաև ստեղծող հարթակ է, որովհետև աշխատանք փնտրողը կարող է օնլայն հանդիպել աշխատանք առաջարկողին:

Փոխադարձ կապ, պայմանների քննարկում, ապա բուն գործակցություն. հարթակում, արտագնա աշխատանքից բացի, զբաղվածության կենտրոնները կտեղադրեն նաև մեր երկրի թափուր հաստիքների ցանկը՝ մեր քաղաքացիների համար: Իսկ ովքեր, այնուամենայնիվ, ցանկանում են արտերկրում աշխատել, ծանոթ-բարեկամի գտած աշխատանքի փոխարեն հնարավորություն կունենան ինքնուրույն գտնել, պայմանավորվել ու մեկնել աշխատելու:

Անահիտ Պարզյան - Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռնվում ևս մեկ թվային գործիքով ակտիվացնել զբաղվածության ոլորտը, հնարավորություն է տրվում աշխատանք փնտրողներին ավելի ակտիվ, ավելի ինտենսիվ աշխատանք գտնել կամ առաջարկել, որն էլ անմիջականորեն կապված է տնտեսական աճի հետ:

Ի դեպ, ծրագրի հայկական հատվածն ստեղծել ու մշակել են հենց «Նորք» տեխնոլոգիական կենտրոնում: Չնայած ծրագիրը դեռ չի գործարկվել, փորձնական դաշտում արդեն մի քանի հարյուր գործի առաջարկ կա: Քաղաքացիները «Աշխատանք առանց սահմանների» ծրագրով կկարողանան գործ գտնել հուլիսի 1-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում