Ցմահ դատապարտվածն առաջին անգամ դարձել է պրոբացիայի շահառու

ՎՎահե Դավթյան

Սկզբում աշխղեկ, հետո՝ տեղամասի պատասխանատու։ Հիմա Աշոտը շինարարական ընկերության պահեստապետն է։ Առավոտյան 8-ից աշխատանքի՝ ստանում օրվա պլանը, գիշերվա հերթափոխից ընդունում տարածքը։

Աշոտ Մանուկյան (պրոբացիայի շահառու) - Աշխատողները ստանում են ապրանքները՝ ում ինչ ապրանք պետք է՝ տրամադրում եմ աշխատանքի համար, հետևում եմ, որ աշխատանքները կատարեն: 

Աշոտ Մանուկյանը 24 տարի եղել է անազատության մեջ։ Առաջին անգամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալը դարձել է պրոբացիայի շահառու։ 2018-ին Կառավարությունը ամբողջովին փոխեց պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համակարգը։ Անազատությունից դեպի պրոբացիայի ծառայություն՝ պարտադիր պայման է վարքագիծը՝ քրեակատարողական ծառայության համար սահմանված բալային սանդղակով։

Արփինե Սարգսյան ՀՀ ԱՆ պրոբացիայի ոլորտի քաղաքականությանմ մշակման վարչության պետ - Ինչո՞վ էր կարևոր բալային սանդղակը՝ որ դատապարտյալն ինքն էլ հասկանար իր վարքագիծն ինչպիսի բալային սանդղակի է արժանանալու, և ըստ դրա քրեակատարողական ծառայությունը ինչ զեկույց է կազմելու իր վերաբերյալ: 

Վաղաժամկետ ազատվելով՝ անձը դառնում է պրոբացիայի շահառու՝ 10-ը տարի ժամկետով, հստակ պլանով՝ 10 տարի ինչ աշխատանք է տարվելու շահառուի հետ։

Արփինե Սարգսյան - Գնահատվում են թե՛ դատապարտյալի կրկնահանցագործության ռիսկերը, թե՛ նրա կրիմինոգեն կարիքները, որոնք ինչ որ կերպ պետք է չեզոքացվեն կամ բավարարվեն, որպեսզի տասը տարի հետո արձանագրենք, որ նա կրկնահանցագործության ոչ մի հակում չունի, դրսևորում է պատշաճ վարքագիծ, հանդիսանում է հասարակության լիարժեք անդամ: 

Դատապարտյալի շարժի սահմանափակումը դատարանն է որոշում, օրինակ՝ չլքել մշտական բնակության վայրը։ Եթե դատարանի կողմից չկա նման սահմանափակում, և անձը բուժման կամ ուսուցման համար պետք է արտասահման մեկնի, հարցի որոշումը պրոբացիայի ծառայության տիրույթում է։

Շահառուի պարտականությունների կատարումը վերահսկելու համար պրոբացիայի ծառայությունը սահմանված գրաֆիկով այցելում է աշխատանքի վայրեր: Գևորգ Սիմոնյանն, օրինակ, Աշոտի վարքագծից գոհ է, այցերի ընթացքում միայն դրական ցուցանիշներ է արձանագրել։

Գևորգ Սիմոնյան- ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ- Շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ադապտացվել և վերաինտեգրվել մեր հասարակությունում, և այսօր ինքը իր հիմնական զբաղմունքը և աշխատանքը գտել է: 

Աշոտ Մանուկյանից գործատուն ևս գոհ է։ Աշխատանքի ընդունելիս, չի թաքցնում՝ մտահոգություն ունեցել է՝ հաշվի առնելով կատարած հանցանքը։ Երկար է մտածել, որոշել հնարավորություն տալ։ Աշոտը նաև Արցախյան պատերազմին կամավոր էր մեկնել։

Սևակ Արզարունի- Գործատու- Աշոտի առաջարկով ուրիշ տղերք էլ են մեզ մոտ աշխատում, բնականաբար, մինչև այս պահը բարեհաջող է ընթացել ամեն ինչ: 

Աշոտի կյանքում փոփոխությունները նկատելի են։ Աշխատանքի մեջ արդեն վստահում են գրաֆիկների կազմումը, նաև պայմանագրեր է կնքում:

Աշոտ Մանուկյան - Ես չէի կարող էնտեղ պատկերացնել՝ ինչքան պոտենցիալ կա իմ մեջ աշխատանքի, էնտեղ չէի աշխատել, հնարավորություն չկար: 

Զուգահեռ նաև հոգեբանություն է սովորում։ Մագիստրոսական թեզը՝ կառավարման հոգեբանություն։ Անազատությունից ազատություն ճանապարհին ուզում է մյուսներին էլ օգնել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում