Ադրբեջանից բռնագաղթածներին սեփական բնակարանով ապահովելու ծրագիրը՝ գործողության մեջ

ՆՆարե Ոսկանյան

1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթածներին սեփական բնակարանով ապահովելու ծրագիրը շարունակվում է: Այս տարվա պետբյուջեով 2.1 մլրդ դրամ կուղղվի բնակարանի գնման վկայագրի տրամադրման երրորդ փուլի իրականացմանը: Միգրացիոն ծառայությունն արդեն սկսել է ծանուցումները:

Նելլի Դավթյան (Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Այս փուլում մենք արդեն վերջին վարչական շրջանի, այն է՝ Շենգավիթի փախստականների բնակապահովման խնդիրներն ենք լուծում: Ընդհանուր, մենք նախորդ երկու փուլերի արդյունքում ունեցել ենք 183 հատկացված բնակարանի գնման վկայական: 183-ից 49 տոկոսը իրացրել է իրենց վկայականը, այն է՝ գտել են, գնել են և գործարքը ավարտել են ամբողջությամբ, իսկ մնացած հատվածը գնման պրոցեսի մեջ է:

Երրորդ փուլով պոտենցիալ հավակնորդ ընտանիքները 160-ն են: Ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է լինի Հայաստանի մշտական բնակիչ, տարվա կտրվածքով նվազագույնը 183 օր պետք է փախստականը բնակված լինի Հայաստանում, չունենա սեփականություն կամ օտարած չլինի որևէ սեփականություն վերջին տասը տարվա ընթացքում:

Երրորդ փուլի համար 1-2 անձից կազմված ընտանիքին մեկսենյականոց բնակարանի գնման համար տրամադրվող գումարը կազմում է 13.090.500 դրամ.

1-2 անձից կազմված ընտանիքին՝ 1 սենյականոցի գնման համար՝ 13.090.500 դրամ,

3-4 անձից կազմված ընտանիքին՝ 2 սենյականոցի գնման համար՝ 15.999.500 դրամ,

5-6 անձից կազմված ընտանիքին՝ 3 սենյականոցի գնման համար՝ 18.908.500 դրամ: 

Տիկին Ռայայի ընտանիքը ծրագրի երկրորդ փուլի շահառուներից է: 1988-ին Ադրբեջանից 9-ամյա որդու հետ բռնագաղթել է Հայաստան: 33 տարի անց սեփական տանիք ունենալու խնդիրը վերջապես լուծվել է: Պետության աջակցությամբ տրամադրված բնակարանի գնման վկայականով հինգհոգանոց ընտանիքը գնել ու արդեն երկու ամիս է՝ այս տանն է բնակվում: Տիկին Ռայան մեծ ոգևորությամբ առաջինը մեզ ուղեկցում է իր ննջասենյակը:

Ռայա Մարտիրոսյան (Ադրբեջանից բռնագաղթած) - Արի, իմ սենյակն ա, էն վախտը երեխեքի հետ ոտ ու տակ էի քնում, հիմա տես՝ ինչ լյուքս սենյակ ա, ուրախ ապրում եմ: 

Տիկին Ռայան հիշում է՝ մեկ գիշերում լքեցին իրենց տունն ու տեղը: Տարիներ շարունակ ձգտել են սեփական տանիքն ունենալ: 

Որդին էլ պատմում է՝ անձամբ 18 տարեկանում գնացել է զինվորագրվել, քաղաքացիության փաստաթուղթ ստացել, աշխատելուց երբեք չի խուսափել: 

Միքայել Ասատրյան (Ադրբեջանից բռնագաղթած) - Ուրախ եմ, որ էսօրվա դրությամբ իմ նպատակին հասա, փոփոխություն ա եղել իմ կյանքում, ունեմ ընտանիք, տուն:

Թեև բարդ շրջաններ շատ են ունեցել, բայց երբեք չի մտածել Հայաստանից հեռանալու մասին:

Միքայել Ասատրյան - Պետք է երկրիդ վստահես: Եթե հայ ես, պետք է ձգտում ունենաս պահես հողը, քո ջուրը:

Տանը կից այս այգում էլ դեռ նոր ծառեր են տնկելու, հիմա բոլոր ջանքերն ուղղված են լինելու երջանիկ ու կիրթ սերունդ մեծացնելուն:

Միգրացիոն ծառայությունից հայտնում են՝ ծրագրի երրորդ փուլի իրականացումից հետո նախատեսել են անցում կատարել մարզերին, որտեղ ծայրահեղ վատթար վիճակում ժամանակավոր կացարաններում բնակվող շուրջ 250 փախստական կա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում