Իջեցնել արագությունը՝ վարորդներին կհուշի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի աղմուկի գոտին

ՀՀերմինե Բաղդասարյան

Ատրճանակով մաղած ցուցանակը՝ Հյուսիս-հարավ մայրուղու Արտաշատին մոտեցող հատվածում է: Որոշ վարորդների հավանաբար դուր չի եկել... վտանգավոր շրջադարձից առաջ՝ թույլատրելի արագությունը 100-ից 80-ի իջեցնող նշանը՝ բացատրում է Ճանապարհային դեպարտամենտի անվտանգության ինժեները:

Սարգիս Սահակյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ծառայության անվտանգության ինժեներ) - Ձգտում են ավելի մեծ արագություն զարգացնեն՝ 110 և ավելի... Քանի որ առջևում շրջադարձ է, մենք աստիճանաբար 100-ից 80 ենք սահմանափակել, հետո էլ՝ 60, որոշակի հատվածով, մինչև շրջադարձն ավարտվի:

Երթևեկության նոր նշաններն այստեղ, ճանապարհի երկու կողմում էլ, թեպետ 20 օր առաջ են տեղադրվել, տարածքով անցնող վարորդները, պարզվեց՝ չեն նկատել:
 
Տուգանող արագաչափ լիներ՝ բոլորը տեղն անմիջապես անգիր կանեին՝ նկատում են ճանապարհային ոստիկանները: Սահմանափակումն առանց տուգանքի շատերն արհամարհում են, մինչև իրենք կամ մտերիմները չեն վթարվում: Բետոնե ճանապարհի այս հատվածում ամենաշատ պատահարներն են լինում:

Կարապետ Հարությունյան (ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար) - Անցած տարվա տվյալով տեղի է ունեցել ՃՏՊ հենց ստեղ՝ 32 հատ, 26-ը՝ նյութական վնաս, 6 մարմնական դեպք ենք ունեցել, էս տարի արդեն ունեցել ենք 8 վթար:

Ի՞նչն է մեքենաները ջարդուխուրդ անող ոչ կտրուկ այս ոլորանի գաղտնիքը՝ հայտնի է. բետոնը հենց թրջվում է, սահելու ռիսկ է առաջ գալիս:

Կարապետ Հարությունյան - Տեղումների հետևանքով ջրագոյացման շերտ ա գոյանում ձախ մասով, երբ մեքենաներն արագընթաց գալիս են, անվադողերը սահում են, անվադողերը կտրվում են երթևեկելի հատվածից, կառավարելիությունը կորցնում են:
Վերջին վթարի հետքերը դեռ վերացված չեն: Ասֆալտի ժամանակ այդպես չէր՝ հիշեցնում է հարևանությամբ կովերին արածացնող նախրապանը: 

Այն, որ նախորդ օրվա անձրևից մինչև մեր նկարահանման պահը վթար չէր արձանագրվել՝ ճանապարհային դեպարտամենտից վերագրում են վտանգավոր այս հատվածում կիրառած ևս մեկ նորույթի՝ «աղմկոտ գոտուն»: Բետոնին կպցված արհեստական խոչընդոտն ուժեղ ձայն է հանում, երբ մեքենան բարձր արագությամբ անցնում է դրա վրայով:    

Հեռվից տեսանելի դարձնելու նպատակով աղմուկի գոտին առաջիկայում կներկեն դեղին-կարմիր, ինչպես գծագրում է: Օրերը տաքանան՝ թերմոպլաստիկատի մի քանի շերտ էլ կավելացնեն:

Տիգրան Մարտիրոսյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածքային ինժեներ) - Երկու տեղով գծած ա, նախատեսվում է, որ ևս 8-ը երկու տեղով գծենք, մինչև էս վտանգավոր շրջադարձը, որ ավելի սթափ լինեն վարորդները:

Ձեր կյանքի համար է աղմուկն էլ, արագության իջեցումն էլ, մի՛ անտեսեք՝ վարորդներին հորդորում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վտանգավոր շրջադարձից հետո բետոնե մայրուղին շարունակվում է ժամում 100 կմ թույլատրելի ընթացքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում