Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում առաջիկայում կվերսկսվեն ականազերծման աշխատանքները

ԱԱրթուր Խաչատրյան

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում առաջիկայում կվերսկսվեն ականազերծման աշխատանքները: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն սկզբում կուսումնասիրեն կասկածելի համարվող տարածքները, այնուհետև կմեկնարկի տեղանքն ականներից մաքրելու բուն գործընթացը: Որոշ աշխատանքներ համայնքում արդեն կատարվել են:

Կարինե Հախնազարյան, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու - Մեր մասնագետները եղել են գյուղում, դեկտեմբերից սկսած 3000 մետր տարածքում ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել: Հայտնաբերվել է կասետային ենթազինամքերք: Տարածքը նշագրվել է, սակայն դա ամբողջը չէ:

Օրեր առաջ Դավիթ Բեկում դժբախտ պատահար էր արձանագրվել. գյուղի հովիվը, փորձելով փրկել կովին, ինքն էր հայտնվել ականապատ տարածքում: Տղամարդը բեկորային վնասվածքներ էր ստացել: Նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի էր ունեցել սահմանի մոտ: Համայնքում 2019 թվականին արդեն իրականացվել էր ականազերծում, և ամբողջ տարածքը մաքրվել էր պայթյունավտանգ առարկաներից, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով Դավիթ Բեկը կրկին նույն խնդրի առաջ է կանգնել:

Նունե Գրիգորյան, Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ - Ականապատման հետևանքները չէին վերացվել նույնիսկ առաջին պատերազմից հետո: Այժմ իրավիճակն ավելի է վատթարացել:

Ականապատ տարածքների հարցն առավել սուր է Հայաստանի չորս մարզում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում: Հայաստանն ամբողջությամբ ականներից մաքրելու համար երկար ժամանակ կպահանջվի՝ ասում են մասնագետները: Սակայն, նույն Դավիթ Բեկում մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դա նշանակում է, որ ականի վրա կանգնելու վտանգ կա:

Կարինե Հախնազարյան - Այս պահին վերջնական քարտեզներ չկան, աշխատանքները շարունակվում են: Այդ իսկ պատճառով կարևոր է իրականացնել իրազեկման աշխատանքներ:

Մասնագետները քաղաքացիներին խորհուրդ են տալիս նման վտանգավոր հատվածներում ավելի զգույշ լինել. այդ նպատակով Հայկական Կարմիր խաչի հետ համատեղ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» այժմ բնակիչների իրազեկման մի ամբողջ ծրագիր է իրականացնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում