Նոր օրինագծով սոցփաթեթից օգտվող պետծառայողների շրջանակը չի ընդլայնվել

ՌՌոզա Խաչատրյան

Հարկատուների հաշվին պաշտոնյաների ընտանիքի անդամները մարզասրահներ չեն այցելի: Կառավարության ընդունած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին ընդդիմադիր մամուլը տարբեր որակումներ տվեց: Վերջին շրջանում դժգոհություն ու լարվածություն առաջացնող նման ապատեղեկությունների տարածումը բնորոշ է մեր մամուլին՝ նշում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Արտակ Մանուկյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Կարծում եմ՝ գործ ունենք հերթականի հետ: Որովհետև դժվար է կարդալ այդ որոշումն ու տարածել այն, ինչ տարածվում էր:

Նախագծով լրացում է կատարվում արդեն ութ տարի գործող սոցփաթեթի տրամադրած ծառայությունների ցանկում. հանգստի ապահովման, հիփոթեքի մարման, ուսման վճարի և առողջապահական ապահովագրման ծառայություններին ավելացվում են մարզասրահներից օգտվելու և ուսման վարկը վճարելու հնարավորությունները:

Ժորա Սարգսյան, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ - Այսինքն՝ ոչ նոր շրջանակ է ավելացվում բարձրաստիճան պաշտոնյաների մասով, ոչ պետբյուջեից գումար է հատկացվում, ոչ գումարի չափն է փոփոխվում, այս առումով որևիցե փոփոխություն չի կատարվում:

Սոցփաթեթի ծառայությունների ցանկի ընդյալնման մասին պետաշխատող Գրիգոր Հարությունյանը նույնպես տեղեկացել է հենց մամուլում բարձրացած աղմուկից: Առաջարկվող ծառայություններից չի հասցրել օգտվել, նախորդ տարվա գումարն էլ պատերազմից հետո ամբողջությամբ փոխանցել է «Համահայկական» հիմնադրամին:

Գրիգոր Հարությունյան, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից - Այն, ինչ տեսա տեղեկատվական տարբեր աղբյուրներում, զարմանք ու զայրույթ առաջացրեց, քանի որ փորձ էր արվում ներկայացնել, թե կառավարությունը կապոցներով գումարներ է դնում իր աշխատողների գրպաններին: Այնինչ, դա սահմանված ու անփոփոխ 72 հազար դրամ է: Ինչպես ծախսել գումարը, հստակ սահմանված է նաև օրենքով:

Պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք սոցփաթեթի շահառու չեն համարվում: Ծրագիրը միջին և դրանից ցածր օղակի աշխատողների համար է:

Արտակ Մանուկյան - Այդ փաթեթը չի ներառել ու չի ներառում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի: Այիսնքն՝ մենք՝ պատգամավորներս, փոխնախարարները, նախարարները, որևէ կարգի այս սոցփաթեթի մեջ չենք մտել ու չենք մտնելու:

Շահառու են համարվում կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի աշխատողները, նաև ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական պատվավոր կոչման արժանացած քաղաքացիները, եթե նույնիսկ այս պահին չեն աշխատում: Աշխատանքի և զբաղվածության վարչության պետն էլ անհեթեթ է որակում տեղեկությունը, թե շահառուների ընտանիքների համար հավելյալ սոցփաթեթ է սահմանվում:

Ժորա Սարգսյան - Գործող կարգավորումների համաձայն էլ այսօր կարող են մեր շահառուները ծախսել իրենց գումարն ինչպես իրենց կարիքների համար, այնպես էլ իրենց ընտանիքի կարիքների: Հիմա եթե այդ ուղղությունները դառնան ոչ թե 4 կամ 8, այդ գումարը կկարողանան ծախսել ոչ միայն իրենց համար, այլ նաև իրենց ընտանիքների:

Սոցփաթեթի շահառուների ընդհանուր թիվը 147.500 է, որոնց տրամադրվող գումարը մնալու է նույնը՝ ամսական 6 հազար, տարեկան՝ 72 հազար դրամ: Նախագծով հավելյալ գումար բյուջեից չի հատկացվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում