30 տարի անց Նոր Արտագերսում մանկապարտեզ է բացվել

ՀՀայկուշ Ասլանյան

Նոր Արտագերսի համայնքապետարանի ջանքերով գյուղի շենքերից մեկը 3 տարի առաջ մասնակի ամրացրին, վերափոխեցին ու դարձրին մանկապարտեզ: Ֆինանսավորումը՝ տեղական բյուջեից, աշխատուժը՝ գյուղից:

Խաչատուր Ջանազյան, Նոր Արտագերս համայնքի ղեկավար - Մենք արել ենք մեր համայնքով, մեր ընկերներով: Բյուջեից տրամադրվել է 6 մլն դրամ:

Նոր արտագերսցիների ուժերով ստեղծվեց գյուղի ամենալուսավոր ու տաք անկյունը, որտեղ իրենց անհոգ մանկությունը կանցկացնեն համայնքի փոքրիկները: Հողագործությամբ զբաղվող ընտանիքների համար սա փրկություն է: Երեխաներին տանը միայնակ չթողնելու համար ծնողները տարիներ շարունակ ստիպված նրանց իրենց հետ դաշտ ու այգի են տարել: Բայց այլևս այդպես չի լինի. գյուղի փոքրիկներով կզբաղվեն ոլորտի մասնագետները:

Նունեն մանկապարտեզի խոհարարն է: 5 տղա ունի, ավագների բախտը չի բերել. մեծացել են գյուղի փողոցներում, իսկ 5-րդը, որը մեկ անգամ արդեն հասցրել է լինել պարտեզում, չի համբերում, թե երբ է նորից գալու:

Նունե Սահակյան, ծնող - Շատ լավ է, որ մանկապարտեզ ունենք, թե չէ միանգամից դպրոց գնալ՝ բանից անտեղյակ, դժվար է:

Մանկապարտեզն ապահովված է տաք ու սառը ջրով, ջեռուցման լոկալ համակարգով: Իսկ գույքը՝ կահույքից մինչև անկողնային պարագաներ ու գրենական պիտույքներ, նվիրել է Focus on Children Now բարեգործական կազմակերպությունը: Թե որ մահճակալին է քնելու իր փոքրիկը, երիտասարդ մայրիկը երկար ծանրութեթև չի անում:

Նարինե Հակոբյան, ծնող - Տղա երեխա է, թող բարձրանա վերևում քնի, աղջիկները՝ ներքևում:

Ներսի աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ խաղահրապարակում դեռ գործ կա անելու, սակայն դա չի խանգարի մանկապարտեզի շահագործմանը: Ապրիլի 15-ից հետո պարտեզը կբացի դռները:

Ռիմա Ղազարյան, մանկապարտեզի տնօրեն - Լիցենզիան ու կնիքն ստանալու գործընթացի մեջ ենք, աշխատում ենք սեղմ ժամկետներում վերջացնել, երեխաների ընդունելությունն էլ ընթացքի մեջ է:

Մանկապարտեզը 40 երեխայի համար է նախատեսված, բայց համայնքի ղեկավարությունը չի բացառում, որ խմբասենյակներն ու մահճակալները կավելացնեն: Հարևան գյուղերից էլ են ցականում իրենց երեխաներին Նոր Արտագերս բերել, որովհետև այստեղ մայրենիի հետ նաև օտար լեզուներ են դասավանդելու: Եթե կարողանան դաշնամուր ձեռք բերել, երեխաներին նաև նվագել կսովորեցնեն: Միայն թե հետագա ֆինանսավորման խնդիր չառաջանա:

Համայնքը հիմա աշխատում է պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված մշակույթի պալատը փրկելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում