Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի որոշ տատիկ-պապիկներ որոշել են հացադուլ անել

«Մի սենյակում 4-5 տարեց, մեծ մասը հիվանդ ո՞նց ապրի»՝ բողոքով առավոտից Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները հրաժարվում էին շենք մտնել: Նրանց լուրեր են հասել՝ Նորքի ծերանոցի բնակիչներին իրենց մոտ են տեղափոխելու:

Ծերանոցների միավորման դեմ հացադուլ անողներ, պարզվեց, արդեն կան: Ծայրահեղ այդ քայլով նրանք դժգոհում են նաև տուն-ինտերնատի՝ մինչև անցած շաբաթ աշխատած տնօրենին հեռացնելու Սոցապնախարարության որոշման դեմ: Իրենց որդու պես տիրություն է արել, փրկել կորոնայից՝ ասում են: Նոր տնօրենն առավոտյան ժամը 7-ից եկել էր՝ ինչպես հայտարարեց` ճաշերն ավելի լավը դարձնելու նպատակով: Ծերերի հացադուլից տեղյակ չէր:

Այն, որ բողոքի պատճառով սննդից հրաժարված տատիկ-պապիկներ կան՝ մի փոքր ավելի ուշ հայտնեց բուժկետի պատասխանատուն:

Բուժքույրը հաստատեց նաև նախկին տնօրենի հետ կոլեկտիվի մի մասի հեռանալու մտադրությունը: Այսօր առաջին օրը տուն-ինտերնատ գործի եկած տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրեց՝ նման լուր չունի:

Կոլյա Մակարյանն ասաց՝ չի հասկանում՝ ինչու են Վլադիմիր պապիկը, Լիդյա տատիկն ու մյուսները բորբոքվել: Լրագրողներին մեղադրեց կորոնավիրուսի ռիսկային այս օրերին ծերերի հետ շփվելու համար: Մինչև հարցը չլուծվի՝ ներս չեն մտնի, առհասարակ կթողնեն-կհեռանան՝ տնօրենի հոգատարության խոսքերին արձանգանքում էին տարեցները:

Բողոքի ակցիան հանդարտեցնելու շտապած սոցապփոխնախարարը չհերքեց, որ շրջանառվել է Երևանի տուն-ինտերնատը Նորքի հետ միաձուլելու և ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոն ստեղծելու նախագիծ: Բայց պնդեց՝ այն այլ նպատակ ունի:

Եթե պետությունը դեռ ընդամենը 3 տուն է գնել, դրանք դեռ չի էլ նորոգել, նոր տնօրենի համար էլ մրցույթ չի հայտարարվել՝ ինչու է Կառավարությունն ուզում՝ իրենց սիրելի, նախկին ղեկավարին փոխարինել բանկից եկած աշխատողով՝ չէին հանդարտվում տատիկ-պապիկները:

Լարված նյարդերն ու անձրևն իրենց գործն արեցին. ծերերը նահանջեցին, շենք մտան: Սենյակներ գնալուց առաջ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ստիպված եղավ նորից հայտարարել՝ Նորքի ծերանոցից ոչ մեկին այստեղ չեն բերելու, ոչ էլ այստեղից են տանելու:

Ինչ մնում է բողոքի երկրորդ մասին՝ փոխնախարարը տեղեկացրեց. ժամանակավոր պաշտոնակատարը կաշխատի, մինչև տնօրենի մրցույթ հայտարարվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում