Հայաստանի քրդական համայնքը միջազգային հանրության աջակցությունն է ակնկալում

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանի քրդական համայնքի կոչն ուղղված է միջազգային հանրությանը: Իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Թուրքիայի իշխանությունը ցմահ ազատազրկման է դատապարտել ու արդեն 22 տարի պահում է Էմրալ կղզու բանտում: Երեք տարի է տեսակցություններն արգելել են, վերջին մեկ տարվա ընթացքում էլ հարազատները նրանից ոչ մի զանգ չեն ստացել: Բայց վերջին օրերին վատ լուրեր են հասել:

Սլո Դրբոյան, «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ - Երեք օր է լուրեր են հրապարակել, որ Օջալանի առողջության հետ խնդիր կա կամ նա ողջ չէ:  

Թուրքական իշախանությունը լուրը ոչ հաստատում է, ոչ հերքում: Փաստաբաններին էլ արգելում բանտ գնալ ու տեսակցել Օջալանին: Պահանջը լսելի դարձնելու համար բողոքի ակցիան սկսեցին Ազատության հրապարակից, քայլերթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

Յուրիկ Դավոյան, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ - Անհանգիստ ենք մեր առաջնորդի համար, տեղեկություն չունենք, ուզում ենք թողեն, գնանք տեսնենք:

Ժենյա Ամիրյան, Քուրդիստանի համազգային կոնգրեսի պատգամավոր - Առանց Օջալանի կյանքն անիմաստ է քուրդ ժողովրդի համար: Օջալանը մեր ժողովրդի սրբությունն է, որի համար պայքարելու ենք՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի:

Օջալանն ամբողջ կյանքում պայքարում է քուրդ ժողովրդի ազատության համար, ավելի քան երկու տասնամյակ էլ ամբողջ աշխարհի քրդերն են պայքարում նրա ազատության համար: Հույս ունեն ՄԱԿ-ն այս անգամ լուռ չի հետևի Թուրքիայի գործողություններին ու հնարավոր կլինի ինչ-որ մի լուր ստանալ իրենց առաջնորդից: Վստահ են՝ Էրդողանը միտումնավոր է Օջալանին մեկուսացնում, որ ամբողջ աշխարհում կասեցնի քրդական շարժման պայքարը:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները մայրենի լեզվով, նաև հայերենով իրենց պահանջը ներկայացրեցին՝ հույս հայտնելով, որ միջազգային կառույցը պահանջն այս անգամ անարձագանք չի թողնի: Ասացին՝ Օջալանի հնարավոր մահը կարող է հանգեցնել նոր պատերազմի:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում