Վիրավոր զինվորների աչքի լույսը Ռուսաստանում վերականգնում են լավագույն բժիշկները

ՄՄերի Եգորյան

Սերոբ Ավագյան (ավագ լեյտենանտ) - Ծուղակի մեջ էինք, հրամանատարությանը զեկուցելով՝ թողնում ենք մեր կրակային դիրքերը, ճանապարհին հակառակորդի «Բայրաքթարից» վիրավորվում ենք, անձնակազմի տղաներից մի քանիսը տեղում զոհվում են։

Սերոբ Ավագյանը հիշում է՝ ինչպես է «Բայրաքթարի» հարվածից վիրավորվել պատերազմի 15-րդ օրը։ Հինգ հոգանոց խմբից միայն ինքն է փրկվել, օգնության եկած զինվորն էլ երկրորդ հարվածից է վիրավորվել։ Անօդաչուի հարվածից հրետանային վաշտի ավագ-լեյտենանտը կորցրել է աչքն ու մի ոտքը։ Արցախյան պատերազմում վիրավորում ստացած այլ երեք զինծառայող տղաների հետ Մոսկվա է մեկնել տեսողությունը վերականգնելու համար։ Զինվորների աչքի լույսը վերականգնելու և պրոթեզավորման համար բուժման նպատակով Հայաստանից Մոսկվա տղաներին բերել է «Վիվա» բարեգործական հիմնադրամը։

Անուշ Խանջյան (Հելմգոլցի անվան աչքի հիվանդությունների հիվանդանոցի փոխտնօրեն) - Մեր կենտրոնում արդեն հետազոտում է անցել չորս զինծառայող, նրանցից մեկին, ցավոք, ոչ մի կերպ չհաջողվեց օգնել, երկուսին արվել են վերականգնողական վիրահատություններ, պրոթեզներ են տեղադրվել, երեք ամիս հետո նրանք կվերադառնան, և արդեն կտեղադրվեն մշտական պրոթեզները։ Մի տղայի էլ արվել է շատ բարդ վիրահատություն, սպասում ենք արդյունքներին։

Աչքի կոնտուզիայով ծանր դեպքերը շատ են՝ ասում է տղաների վիրաբույժը: Բարդագույն վիրահատություններով ամեն կերպ փորձում են փրկել աչքի այն մի փունջ լույսը, որ մնացել է վիրավորում ստացած տղաներին, ու վերադարձնել քիչ թե շատ ակտիվ կյանքի։

Իրինա Ֆիլատովա (Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժնի ղեկավար) - Հիմնականում ականներից առաջացած վնասվածքներ են: Ցավոք, վնասվել է ոչ միայն աչքը, նաև այլ օրգաններ, և մենք նրանց ուղղորդել ենք մեր կոլեգաների մոտ։

Պատերազմի բովով անցած տղաներն իրենք են ոգևորում մայրերին ու բժիշկներին, որ հանկարծ չընկճվեն՝ պատմում են հիվանդանոցում: Այստեղ առօրյան նույնիսկ աշխուժացել է, հատկապես կատակասեր 19-ամյա Վահրամի գալուց հետո։ Երկկողմանի ծանր վնասվածքի հետևանքով մի աչքը հեռացրել են, պրոթեզ տեղադրել։ Մյուս աչքի տեսողությունը պահպանելու և բարելավելու համար վիրահատությունն արվել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, թեպետ չի հաջողվել հեռացնել աչքի մանր բեկորները։ Անօդաչուի հարվածից հետո Վահրամը փրկվել է, բայց կորցրել զինակից ընկերոջը։

Վահրամ Իվանյան (Արցախյան պատերազմի մասնակից) - Պատերազմը որ սկսվեց, 9 ամսվա ծառայող էի: Հոկտեմբերի 14-ին Տավուշից մեզ տարան Հադրութ, 16 հոգանոց մարտկոց էինք:

Հիմա էլ աշխատում է չընկճվել ու առաջ նայել։

Հիմնադրամի բժիշկները պատերազմի առաջին օրերից եղել են հիվանդանոցներում ու հոսպիտալներում: Հայաստան են հասցրել նաև բժշկական խոշոր սարքավորումներ։ Անհարժեշտ վիրահատությունից հետո արդեն տուն են ճանապարհել չորս զինծառայողի, երեքն էլ դեռ հետազոտման փուլում են: Զինվորների վերականգնման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է, քանի դեռ կարիքը կա։

Անուշ Խանջյան - Մեր համագործակցությունը Հայաստանի բժիշկների և հիմնադրամի հետ շարունակվում է։ Աշխատում ենք որոշ հարցեր լուծել տեղում: Հայաստանում նույնպես բանիմաց բժիշկներ կան, խորհրդակցություններ են անցկացվում: Տղաները ոչ մի դեպքում անտեսված չեն մնա, ամեն կերպ օգնություն կցուցաբերվի դիմածնոտային և նեյրովիրաբույժների ներգրավումով։

Փոքրից մեծ՝ բոլորն էլ գիտեին, որ մի օր պատերազմ լինելու է՝ ասում է Ստեփանակերտցի լեյտենանտը։ Իր բազմանդամ ընտանիքը շարունակում է ապրել Արցախում, իրենց տունուտեղը լքելու միտք անգամ չունեն, ինքն էլ վստահ է՝ բուժում ստանալուց հետո հնարավորության սահմաններում անպայման կշարունակի ծառայությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում