Հայաստանում հետազոտություն է արվում կորոնավիրուսով վարակված-առողջացած 0-1 տարեկան երեխաների շրջանում

Բժշկուհու ժպիտը դիմակի տակից գուցե չի երևում, բայց ջերմ խոսքերը հաստատ լսվում են: Փոքրիկների հետ շփվելու նուրբ արվեստին տիրապետող Անահիտը որոշել է գտնել այս փուլում ողջ մարդկությանը հուզող հարցերից գոնե մի մասի պատասխանները: Բժշկական համալսարանի ասպիրանտն ու մանկաբուժության առաջին կլինիկայի մանկաբույժը որոշել է թեզը կորոնավիրուսի թեմայով պաշտպանել: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հետազոտություն է անցկացվում՝ քովիդով վարակված-առողջացած 0-ից մեկ տարեկան երեխաների շրջանում:

Անահիտ Գրիգորյան (ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի ասպիրանտ, բժիշկ) - Մեր կողմից իրականացվող հետազոտությունը գլոբալ մեծ հետազոտություն է, որը իրականացնում է համալսարանը, այդ թվում՝ մեծահասակների շրջանում, սակայն մեզ համար կարևորվեցին ավելի խոցելի խումբ համարվող 0-1 տարեկան երեխաները: 

Մինչև տարեկանը մարդու կյանքում ձևավորման իմաստով շատ կարևոր փուլ է, դա է պատճառը, որ որպես թիրախային խումբ հենց այս տարիքն է ընտրվել: Գործընթացը սկսվել է 2 ամիս առաջ, արդեն ընդգրկված է 25 երեխա: Բոլոր փոքրիկները 1 տարի շարունակ բժիշկների հսկողության տակ կլինեն, պարբերաբար կհետազոտվեն: Ցանկության դեպքում կորոնավիրուսով վարակված և բուժված երեխաների ծնողները կարող են դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
 
Անահիտ Գրիգորյան (ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի ասպիրանտ, բժիշկ) - Հետազոտության համար անհրաժեշտ արյունը վերցվում է երակից, մոտավորապես 3-5 մլ, մասնակցությունը կամավոր է, և ծնողի համաձայնելուց հետո ենք ընդգրկում հետազոտության խմբում: Արյան նմուշառումը իրականացվում է բացարձակ անվճար, երկու ամիսը մեկ պարբերականությամբ:

Հետազոտության նպատակն է պարզել, թե նորահայտ վիրուսն ինչ ազդեցություն է թողնում երեխաների օրգանիզմների վրա, վարակված երեխան նորից կվարակվի՞, թե՞ ոչ:

Կարինե Սիմոնյան (Մանկաբուժության 1-ին կլինիկայի ղեկավար) - Մենք կարող ենք իմանալ. երեխան հիվանդացել է, նորմալ զարգացե՞լ ա մինչև 1 տարեկան, թե՞ ոչ: Թե՞ հիվանդությունը ազդել ա երեխայի վրա: մենք կարող ենք իմանալ նաև... երբ են էդ հակամարմինները քայքայվում, վերանում: Էս երեխան պաշտպանված ա լինում կամ ոչ պաշտպանված: 
Բժշկությունը դեռ չի կարող պատասխանել նաև հարցին, թե հիվանդության ընթացքում հակամարմինների ձևավորումն արդյոք կախվա՞ծ է կորոնավիրուսը ծանր կամ թեթև տանելուց: Տվյալներն առայժմ խիստ հակասական են:

Անահիտ Գրիգորյան - Ունենք ծանր հիվանդության ընթացքով հիվանդներ, որոնց մոտ չնչին քանակությամբ հակամարմիններ են հայտնաբերվել, և հակառակը՝ շատ թեթև տարած հիվանդներ՝ բարձր հակամարմինների թվով, այսինքն՝ տևողությունը հետազոտման և քանակը հիվանդների այնքան չէ, որ կարողանանք ինչ-որ եզրահանգման գալ:

Նախնական եզրահանգումները կարվեն հետազոտության մեկ տարին բոլորելուց հետո: Այս պահին կան միայն թվեր. հետազոտված երեխաների շրջանում կան մինչև 160 հակամարմին ունեցողներ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է և ոչ մի հակամարմին չունեցողներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում