Վարչապետը հանձնարարեց առավել արդյունավետ դարձնել անհետ կորած և գերեվարված քաղաքացիների ընտանիքներին աջակցության տրամադրումը

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում արդեն 18 աջակցության միջոցառում է ընդունվել: Այդ մասին Կառավարության նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: 

«Պետք է արձանագրել, որ այդ 18 աջակցության միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք, մասնավորապես, վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը, կարծես, անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին ուղղված աջակցության ծրագիրը, ըստ էության, ինչքան շփումներից հասկանում եմ, դեռևս չի ամբողջացել, այսինքն՝ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի այդ աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ միջոցառումները բարելավելու դեպքում շահառուն ավելի ճիշտ կնույնականացվի:

«Ես կարծում եմ՝ մենք ճիշտ ենք արել, որ սկզբնական փուլում ավելի ընդհանրական բնույթի միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի արագությունն ապահովենք, բայց հիմա յուրաքանչյուր հաջորդ միջոցառման մեջ շահառուի կարիքը ավելի ճշգրիտ կնույնականացվի, որպեսզի ավելի հասցեական լինի օժանդակությունը»,- ասաց Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում