Հայրության արձակուրդ՝ նորածնին խնամելու համար. նոր կարգը գործում է հունվարի 1-ից

ՆՆարե Ոսկանյան

Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն է տալիս հայրերին օգտվել, այսպես ասած, հայրության վճարովի արձակուրդից: Այս դեպքում ծնողները հնարավորություն են ստանում միասին խնամել նորածնին: Մայրերի բեռը տղամարդիկ կարող են թեթևացնել միայն հինգ օր, քանի դեռ չի լրացել երեխայի մեկ ամիսը:

Ձեր փոքրիկը ծնվել է. այս խոսքին սրտի թրթիռով ծննդատանն սպասող հայրիկներն այսուհետև հայրության արձակուրդի հնարավորություն կունենան: Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր կարգավորում: Երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում հայրն իրավունք ունի դիմել ու 5 աշխատանքային օր օգտվել վճարովի արձակուրդից: Վճարումը կատարում է գործատուն՝ հինգ օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով:

Անդրանիկ Միլոյան - Կնոջ վրա ծանրաբեռնվածությունը շատ է: Այլ բան չէ, եթե նույնիսկ մեկ բաժակ ջուր էլ տաս, որ ավել չքայլի, դա արդեն մեծ նշանակություն ունի:

Երեխայի ծնվելուն անհամբեր սպասող հայրն ասում է՝ հնգօրյա արձակուրդից միանշանակ առաջիկա օրերին օգտվելու է:

Անդրանիկ Միլոյան - Ի վերջո տանդ մեջ նոր ծնունդ է. Մտքով, հոգեպես տանն ես լինելու, ֆիզիկապես՝ աշխատանքի վայրում:

Նպատակային արձակուրդի այս կարգավորման համար ուսումնասիրվել է միջազգային փորձը: Աշխատանքային օրենսգիրքը մինչև այս նման կարգավորում չուներ:

Ժորա Սարգսյան, ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ - Կար չվճարվող արձակուրդի իրավունք կամ ամենամյա արձակուրդի իրավունք, որի համար նպատակ, որպես այդպիսին, սահմանված չէր, ինչպես հայրության արձակուրդն է: Սա հավելյալ երաշխիք է կամ հավելյալ հնարավորություն է հորը մինչև երեխայի 30 օրական լրանալն աջակցել խնամքին:

Երեք օրական Արեգի մայրիկը դեկտեմբերից արձակուրդում է: Տեղյակ չէր, որ ամուսինն էլ երեխայի ծնվելուց հետո կարող է դիմել ու հնգօրյա արձակուրդ ստանալ: Ասում է՝ անպայման ամուսնուն կտեղեկացնի ու շտապ կդիմեն:

Հեղինե Փիլիպոսյան - Մեր առաջնեկն է: Շատ հաճելի կլինի ամուսնուս՝ ինձ հետ խնամել և պահել երեխային:
Անունն էլ արդեն որոշել ենք՝ Արթուր՝ մեր ապագա զինվորը:

Արթուրի մայրիկը ևս կարևոր է համարում նախաձեռնությունն ու ասում՝ սկզբնական օրերին հայրիկների համար երեխայի կողքին լինելու ամեն ժամն էլ երջանկություն է:

Նարինե Օսիպյան - Երեխա-հայր շփման համար կարևոր է: Աշխատանքի են լինում, նրանց կապն այդքան էլ չի ստացվում: Արձակուրդի ընթացքում, իմ կարծիքով, նրանց հարաբերություններն ավելի մտերմիկ կլինեն:

Հայրիկների արձակուրդ ստանալու ընթացակարգը պարզ է՝ պետք է պարզապես դիմում ներկայացնեն, որը չի կարող գործատուն մերժել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում