Բժշկական համալսարանում «Ուղեղի կենտրոն» կբացվի

Խամրած տերևները մի քանի ամսից տեղը կզիջեն պայծառ ուղեղների կենտրոնին: Սաստիկ ցուրտն էլ չի խանգարում, որ բժշկական համալսարանում շինարարական աղմուկը չլռի: Այս տարածքում մինչև սեպտեմբեր վեր կխոյանա ուղեղի հետազոտության՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող կենտրոն:

Արմեն Մուրադյան, ԵՊԲՀ ռեկտոր - Այս տարածքում հիմա ոչինչ չկա, տակը գրադարանն է: Այստեղ 70-ականների կոնստրուկտիվիզմով ստեղծած մուտքն է, որը փակելու ենք: Կենդանանոցն է գտնվելու, տակը լինելու է մեծ դահլիճը, որտեղ ամփոփվելու են արդեն գիտական հետազտությունները, առանձին սրահներ՝ ուսանողների համար:

Արմեն Մուրադյանն էսքիզներն ուսումնասիրում է ու պնդում. սա բժշկականի՝ գիտահետազոտական գերժամանակակից առաջին, բայց ոչ վերջին կենտրոնն է լինելու: Լավագույն մասնագետներն իրենց գիտական հետազոտություններն անելու համար չպետք է ստիպված լինեն հեռանալ երկրից:

Արմեն Մուրադյան - Երիտասարդ գիտնականն այդ ինֆրաստրուկտուրան չունենալու պատճառով մեկնում էր դուրս և այնտեղ արդեն իր մտքի թռիչքը կարողանում էր ձևավորել:

«Ուղեղի կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները: Ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, ալցհեյմերը, աուտիզմը: Դարի ամենապահանջված հետազոտությունների կենտրոն ստեղծելու համար հսկայական միջոցներ էին անհրաժեշտ: Բժշկականի թիմն այս ծրագրի համար 3 դրամաշնորհ է շահել:

Արմեն Մուրադյան - Միջազգային բավականին լայնածավալ աշխատանքներ սկսեցինք և աշխարհահռչակ մարդիկ՝ մասնավորապես Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, դարձան պատվավոր դոկտորներ այս համալսարանի: Նրանք հետագայում կարողացան արդեն այս ծրագրի հիմքերը դնել. և՚ Հորիզոն 20/20-ի հետ էր կապված, և՛ համաշխարհային բանկի, և՛ պետգիտկոմի: Երեք դրամաշնորհ է տրվել:

Համալսարանի շրջանավարտների համախմբվածության ու բուհի հետ կապի շնորհիվ Հորիզոն 20/20-ի ծրագրի համար դիմած 432 համալսարանից ԵՊԲՀ-ն հայտնվել է 30-ի ցանկում: Պարտավորեցնող ծրագրի իրականացման գործում ընդգրկված է լինելու պրոֆեսիոնալների մի մեծ թիմ:

Արմեն Մուրադյան - Շահավետության աստիճանը դժվար է թերագնահատել, որովհետև աշխատելու են ոչ միայն աշխարհահռչակ գիտնականներ, այլ նաև երիտասարդ պրպտող սերունդը, որը կարող է տեսնել ուղեղի գերազանցության կենտրոններից մեկն իրենց երկրում:

Բժշկական համալսարանն արդեն 100 տարեկան է: Ուղիղ մեկ դար անխափան Հայաստանին սպիտակ բանակ ապահովող կառույցն այս ծրագրով արդեն նոր որակ պետք է որդեգրի՝ ասում է ռեկտորը: Եվ համալսարանը ոչ թե գիտնական արտահանող, այլ հայ գիտնականի միտքն աշխարհին թելադրող պետք է լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում