Հայտնի են գարնանային արձակուրդների օրերը, քննարկվում է դասերը 5-օրյա դարձնելու հարցը

ԱԱրման Գալոյան

Հանրապետության դպրոցները մինչև այսօր ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի: Այդ կերպ ստացվում է՝ փոքր դպրոցներում քիչ դասարաններ՝ առավելագույն թվով աշակերտներով: ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է փոխել կարգը, քիչ աշակերտներով՝ շատ դասարաններ սկզբունքով, որպեսզի ուսուցիչը շատ չծանրաբեռնվի ու բոլորին հասանելի դարձնի մատուցվող նյութը: Մեկ այլ փոփոխությամբ էլ, եթե աշակերտը մեկ շաբաթ բացակայում է դասից, ապա խնդրով պետք է զբաղվեն պատասխանատու գերատեսչությունները:

Հանրապետությունում կրթությունից դուրս մնացած երեխաները քիչ չեն: Նրանց սովորելու իրավունքն իրացնելու համար նախարարությունը նոր մեխանիզմ էր մշակել, որն արդեն օրենքի ուժ է ստացել: Ամեն մի գերատեսչություն իր անելիքը կունենա: Եթե դպրոց չհաճախելու պատճառը առողջական խնդիրն է, հարցով կզբաղվի առողջապահության նախարարությունը: Հնարավոր է՝ լինի նաև ոստիկանության ու սոցիակալան աշխատողների կարիքը:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - «Գործողությունները միտված են նրան որ ցանկացած պարագայում 6 օր չի հաճախում դպրոց տեղեկացված լինեն ու կանխարգելեն խնդիրը»:

Օրենքում փոփոխություններով ավելի ճկուն է դարձել դպրոցների ֆինանսավորման կարգը: Աշակերտների թվով ֆինանսավորումը ոչ միշտ էր արդյունավետ՝ նկատում է փոխնախարար Անդրեասյանը: Ավելի շատ գումարի համար դասարաններում մինչև 35 աշակերտ էին ընդունում, իսկ փոքր դպրոցները՝ կանգնում խնդրի առաջ:

Առաջիկայում կսկսվի նաև թվայնացման գործընթաց: Դպրոցներում, քոլեջներում և ուսումնական հաստատություններում սովորողները արդեն հաջորդ ուսումնական տարում էլեկտրոնային ատեստատներ կունենան:

Ժաննա Անդրեասյան - «Ատեստատների թվայնացման գործընթացը հնարավորություն է տալու հրաժարվել թղթային պրոցեսին ինքնաշխատ ատեստատներին»:

Այս պահին Հայաստանում ավելի քան 7000 արցախցի է սովորում: Սա պատերազմի ընթացքում Հայաստան եկածների 30 տոկոսն է, մեծ մասն արդեն վերադարձել է: Նախարարությունն այս ընթացքում կարգավորել է նրանց դասագրքերի ու փաստաթղթերի հարցը:

Թե երբ աշակերտները դասասենյակում ամբողջ դասարանով կլինեն՝ առաջիկա օրերին հայտնի կդառնա: Առողջապահության նախարարության հետ քննարկում են սահմանափակումը հանելու և հնգօրյա դասերին անցնելու հարցը:

Այս տարի գարնանային արձակուրդ կունենան միայն ամենափոքրերը: Առաջին դասարանցիները տանը կմնան մարտի 22-ից ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիներն՝ ընդամենը 7 օր՝ մարտի 22-28-ը: Ուստարին էլ շուտ կավարտվի միայն 1-ին, 2-րդ և 12-րդցիների համար: Մյուսները դասերը կշարունակեն մինչև հունիսի 18-ը:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում