Ավիամոդելավորման դասեր՝ դպրոցականների համար

ՄՄուշեղ Իսախանյան

Ուսուցման խորհրդային մոդել՝ ժամանակակից տարրերով: 47 տարեկան մարզատեխնիկական կենտրոնում ավիամոդելավորում են դասավանդում: Զրոյից ներքին այրման շարժիչով ինքնաթիռ պատրաստելը, ապա այն օդ բարձրացնելը հիմնականում միջին դասարանի երեխաներին է հետաքրքրում, բայց խմբում ունեն անգամ առաջին դասարանցի: Մարզիչները Հայաստանի լավագույն մասնագետներն են, օդաչուներ ու ավիամոդելավորողներ են պատրաստում, հիմա նաև՝ ԱԹՍ-ների օպերատորներ:

Արամ Ադամյան (ավիամոդելավորման խմբակի մարզիչ) - Իմ հիմնական նպատակը՝ որ իրենք ավիացիան սիրեն, դառնան ֆանատներ և գնան, մեր Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանում դառնան կուրսանտներ ու շարունակեն: Այնտեղ հետո կդառնան թե՛ ավիակոնստրուկտոր, թե՛ օդաչուներ և ուրիշ մասնագիտություններ կան, հիմնականում՝ ԱԹՍ մասնագետներ:

Անդրանիկը խմբի հնաբնակներից է, անհամբեր սպասում է, թե երբ է իր նախագծած ու կառուցած փոքրիկ ինքնաթիռը ճախրելու օդում: Մյուսներն էլ Անդրանիկի հորդորով են եկել, ծրագրեր շատ ունեն, ոմանք սպորտի աշխարհն են ընտրել, մյուսները չեն կողմնորոշվել, բայց վստահ են՝ ուր էլ գնան, ավիամոդելավորումը միայն օգնող ձեռք է լինելու:

Անդրանիկ Միքայելյան (ավիամոդելավորման խմբակի աշակերտ) - Շատ եմ սիրում լող սպորտաձևը, բայց նաև սիրում եմ ավիամոդելավորումը և կցանկանամ կոնստրուկտոր դառնամ, որովհետև շատ է ինձ հետաքրքրում ինքնաթիռների գործը:

Տղաների մեծ մասին խմբակ Անդրանիկն է բերել, խորհուրդ է տալիս և գործի կարևորությունը բացատրում: Էրիկի հետ նույն մոդելի վրա են աշխատում, իսկ գերնպատակը ԱԹՍ-ն ավարտին հասցնելն է:

Էրիկ Աբգարյան (ավիամոդելավորման խմբակի աշակերտ) - Մենք նաև սարքում ենք անօդաչու թռչող սարքեր, որոնք կուղարկենք բանակ՝ մեր զինվոր տղաներին: Այս գործով մենք օգնում ենք նրանց, քանի որ Հայաստանում քիչ են ԱԹՍ-ները, մի տարուց հաստատ պատրաստ կլինի դա:

Մյուս խմբում ավելի փորձառուներն են աշխատում: Այստեղ տեսականին մեծ է՝ ներքին այրման, ռետինային շարժիչներով ու ճախրող ինքնաթիռներ են մոդելավորում: Հիմա էլ պատրաստվում են կարևոր մրցումների՝ նախ՝ Նալչիկում, ապա՝ աշխարհի առաջնությանը:

Էդուարդ Քարամյան (ավիամոդելավորման խմբակի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ) - Մեզ մոտ 4-րդ դասարանցի մի տղա է սովորում, որն իր տարիքի համեմատ շատ բարդ մոդել է պատրաստում: Այստեղ աշխատասեր ու լավ տղաներն են մնում, իսկ ամենակարևորն այն է, որ մենք կադրեր ենք պատրաստում մեր երկրի համար: Ներկայումս ուզում ենք ԱԹՍ պատրաստել և օգնել մեր Զինված ուժերին: Ես կարծում եմ, որ մեր ուժերը ներում են այդ գործի համար:

Խմբակի նախկին սան Տիգրանը հիմա արդեն պոլիտեխնիկական ինստիտուտի անօդաչու թռչող ապարատներ բաժնի ուսանող է: 2009-ին, երբ առաջին անգամ եկավ այստեղ պարզապես նախագծում էր հաճույքի համար: Տարիների ընթացքում այն դարձավ գերնպատակ:

Տիգրան Մանուկյան (ավիամոդելավորման նախկին սան) - Հիմա որ արդեն անօդաչու սարքերը որպես ռազմական գործիք օգտագործեցին, հիմա հասկանում եմ, որ մենք էլ կարող ենք նույն ձևով կենտրոնանալ ռազմականի վրա ավելի շատ, ու սա էլ պետք է օգնի, որովհետև սկիզբը այստեղից է գալիս:

Աշոտ Ղուլյանի մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնում պատերազմից հետո նոր գաղափարներ են ծնվել, ողջ մնալու արվեստը պետք է սովորեցնել նաև պատանիներին:

Արա Հակոբյան («Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Փորձում ենք բանակցել ալպինիզմի ֆեդերացիայի հետ, Վովա Վարդանովի հետ, որը, կարելի է ասել, հիմնադիրն է այդ հասկացության: Դա շատ կարևոր երևույթ է հատկապես հետպատերազմյան շրջանում, որպեսզի երեխաների, պատանիների մեջ ոչ միայն ոգին բարձրանա, այլ նաև հուսահատության կարծրատիպը կոտրվի:

Նոր Նորքում ՈՄԱ-ի խումբ ստեղծելու համար բոլոր նախադրյալները կան, անհրաժեշտությունն էլ այսօր չի քննարկվում:

Արա Հակոբյանի պնդմամբ՝ նման դպրոցների առկայությունը կարևոր է ռազմական, նաև՝ քաղպաշտպանության համար: Յուրաքանչյուր բնակելի շենք պետք է կրթված համակարգող ունենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում