Մեդիա դեմք դառնալու հնարավորություն․ Հանրայինը հրավիրում է անվճար դասընթացների

ՌՌոզա Խաչատրյան

Հայկական հեռուստատեսությունն սկսվեց այստեղ ու արդեն 65 տարի է՝ անխափան եթերը շարունակվում է: Չխախտելով ավանդույթներն ու նորի հիմքը դնելով՝ Առաջին ալիքը երազանքների այս տուփում հայտնվել ցանկացողների համար հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Բացվում է Մեդիա ակադեմիա: Հեռուստաեթերի ձեր սիրած դեմքերից սովորել, նրանց կողքին աշխատել ու նրանց հետ էլ կարող եք հայտնվել եթերում:

Լենա Մինասյան, Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ղեկավար - Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրագրողների, հեռուստալրագրողների և հաղորդավարների ընդունելություն Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում:

Հինգ ամիս տևողությամբ անվճար դասընթացների նպատակը տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի համադրությամբ ոլորտի նոր մասնագետներ պատրաստելն է։

Լենա Մինասյան - Կարևորելով մեդիադաշտում բանիմաց մասնագետների առկայությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշեց Մեդիա ակադեմիայում բոլոր ստեղծագործ, նպատակասլաց անձանց տալ հնարավորություն: Եվ փորձաշրջանը հաղթական անցնելուց հետո նաև անցնել աշխատանքի:

Առաջին ալիքի հմուտ թիմի և հրավիրված մասնագետների օգնությամբ՝ Մեդիա ակադեմիայի սաները կբացահայտեն հեռուստատեսության գաղտնիքներն ու կփորձեն իրենց ուժերը հայկական հեռուստաշուկայում։

Ուսումնառության մեկնարկը կտրվի երեք մասնագիտությամբ՝ լրագրություն, սպորտային լրագրություն և հաղորդավարական արվեստ, իսկ հետո կպատրաստեն նաև պրոդյուսեր, ռեժիսոր, մոնտաժող, օպերատոր և սցենարիստ:

Լենա Մինասյան - Ուսումնառության 5 ամիսների ընթացքում մեր սաների հետ կշփվեն ու կաշխատեն ոլորտի լավագույն ներկայացուցիչները: Բոլոր ցանկացողների համար սա բացառիկ հնարավորություն է հայտնվել Առաջին ալիքում:

Հրաչուհի Ութմազյան - Քանի որ ինքս էլ բավականին երկար տարիներ հանրային խոսք եմ դասավանդում, պիտի փորձեմ իմ տարիների փորձը համադրել դասավանդման փորձի հետ և փոխանցել ուսանողներին:

Մարզաշխարհի ամենահայտնի ձայների մեկնաբանությամբ՝ Առաջին ալիքի եթերացանցում սպորտը միշտ իր հաստատուն տեղն է ունեցել: Ոլորտի նրբությունները, գաղտնիքները, գրված ու չգրված բոլոր կանոնները ուսանողներին կպատմի ու կսովորեցնի Կարեն Գիլոյանը:

Կարեն Գիլոյան - Բնականաբար, կարիք է ստեղծվել ունենալ նոր մեկնաբաններ, նոր արյուն, նոր շունչ, երիտասարդներ: Ունիվերսալությունը լավ բան է, բայց սպորտի պարագայում՝ շատ ավելի լավ է, երբ մարդը խորանում է մի մարզաձևի մեջ ու կարողանում է այդ մարզաձևը լայնորեն լուսաբանել իր օրենքներով, նրբություններով:

18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներն Առաջին ալիքի կայքում կարող են արդեն լրացնել հայտադիմումը՝ նշելով մասնագիտությունը, որի համար ուզում են դիմել՝ կցելով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ: Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 30-ը:

Այստեղ կարևորում են ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական կրթությունը, որքան նախաձեռնողականությունն ու սերը հեռուստատեսության հանդեպ: Մեդիա ակադեմիայի մասնագետները հորդորում են բաց չթեղնել հեռուստադիտողից հեռուստադեմք դառնալու բացառիկ հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում