«Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով

ՀՀայկուշ Ասլանյան

«Մեր տունը» կազմակերպությունում կերակուրն արդեն ամենամեծ կաթսայի մեջ են պատրաստում։ Կացարանը, որտեղ ապրում են մանկատան շրջանավարտ աղջիկները, համալրվել է նոր բնակիչներով։ Հադրութի Ուխտաձոր գյուղից են, բազմանդամ ընտանիք, որ «Մեր տուն» է հասել՝ մի քանի հասցե փոխելուց հետո։

Մարգարիտա Սաֆարյան - Մասիսում ենք եղել, հետո՝ Հոկտեմբերյան, այնուհետև՝ այստեղ:

Ստեփանը ավագ ենթասպա է, պատերազմի ժամանակ ոտքից ծանր վիրավորվել ու տեղափոխվել է Հայաստան։ Երկար բուժվել է։ Վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից, բայց դեռ անկողնուց բարձրանալ չի կարողանում։

Ստեփան Աբալյան - Ոտքս տազից մինչև ծունկս ջարդված է, 5 սմ կարճացել է, երկաթներով հավաքել-երկարացրել են, 50 օր պառկած եմ եղել Քանաքեռի հիվանդանոցում, մինչև հիմա չեմ կարողանում քայլել։

Ստեփանի ավագ եղբայրն էլ Արցախյան առաջին պատերազմի զոհերից է։ Մայրը մի կերպ է թաքցնում արցունքները:

Նորա Աբալյան - Ավելի շատ եմ ցավ զգում, որ չի կարողանում քայլի։

Վանիկն էլ՝ Ստեփանի տղան, Էջմիածնի 9-րդ դպրոց է տեղափոխվել, բայց նոր միջավայրին դեռ չի հարմարվել։ Իր գյուղը, դպրոցն ու դասընկերներին է կարոտում։ Իսկ մեծ տունը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել, ճիշտ է՝ հյուրընկալ ու հարմարավետ է, բայց իրենցը չէ։ Ասում է՝ կուզեի հրաշք լիներ, ու ցանկություններս իրականանային։

Վանիկ - Հայրիկը քայլի, մենք էլ տուն ունենանք։

Այնտեղ՝ Հադրութում, միշտ զբաղված են եղել՝ տուն, տնտեսություն, այգի, գործից աչք չեն բացել։ Իսկ այստեղ ավելի հանգիստ են․ եթե այնպես է լինում, որ կանայք ինչ-որ բան չեն հասցնում, «Մեր տան» աղջիկներն են օգնում։

Մարգարիտա Սաֆարյան  - Երեխային պահում են, երբեմն թեյ են բերում ամուսնուս, որ չեմ հասցնում, լավ աղջիկներ են, անձնակազմն էլ է լավը։

Մարգարիտան բուժքույր է, բայց պատրաստ է ամեն տեսակ աշխատանքի։ Մինչև ամուսինը ոտքի կկանգնի, ընտանիքի կարիքներն ինքը պետք է հոգա։ Ստեփանն էլ, ապաքինվելուն պես, գործի կանցնի, որ կյանքը նոր հունով սկսի։

Ստեփան - Որ տուն լինի՝ ապրենք, կգնամ-կաշխատեմ, որ երեխաներիս պահեմ, բայց տուն պիտի լինի։

«Մեր տան» կյանքը մտերմացրել է Ստեփանին ու զոքանչին։ Հադրութում միմյանց տեսակցելու առիթներ ու ժամանակ քիչ են ունեցել, այստեղ մի տանիքի տակ են՝ հաշտ ու համերաշխ, իրարից գոհ։

Ստեփան - Օգնում է, երեխային տանում է դպրոց, բերում:

Հադրութցի կանայք «Տան» հնաբնակներին խոստացել, բայց չեն հասցրել ծանոթացնել արցախյան խոհանոցի համ ու հոտին։ Ճաշացանկը պատրաստ է․ առաջին համտեսը շատ չի ուշանա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում