Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ծրագրերը արցախցիների համար

ԼԼիլիթ Դանիելյան

Բորիս Ստեփանյան - Փամփուշտը ա՛յ ստեղից մտել ա, ա՛յ ստեղից դուրս եկել:

Հադրութցի Բորիսն է: 44-օրյա պատերազմին հասցրեց մասնակցել ընդամենը 9 օր: Ռազմի դաշտից հայտնվեց բժիշկների մոտ՝ վիրահատություն, երկարատև բուժում: Մարմնի վերքերի մասին կարող է պատմել, հոգու վերքի մասին լռում է:

Բորիս Ստեփանյան - Մեր գյուղում մեզ համար ապրում էինք, ամենքս մեր գործին, ես գազի կալոնկում էի, հարսը դպրոցում ուսուցիչ ա, երեխեքին հավաքել եմ բերել, որ ստեղ հանգիստ մնան, ձեն չլսեն:

Մանեն, Մարիամը և Մարտինը չլսեցին ռումբերի ձայնը, բայց թե ինչո՛ւ Հադրութի իրենց գյուղի տուն վերադառնալ չեն կարող ու ինչո՛ւ են այստեղ՝ Երևանում, արդեն հասկանում են:

Մանե Ստեփանյան - Պա թորքերը նիըն մտալ, մունք էլ եկալ ընք: Վերջը էսա մենք հանրակացարանում ենք ապրում: Պա շենումը հի՞նչք թողալ եկալ: Խաղալիքներնք թողալ, շորերնք թողալ, վեշմին շոր պերալ չը՞ք, չէ, պա էսքան խաղալիք շտղա՞ն ա, Ձմեռ պապին ա պերալ:

Ընտանիքն այստեղ էլ գլուխը հանգիստ բարձին չի դրել: Տեղից տեղ, հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխվել, բայց հույսը չեն կորցրել:

Բորիս Ստեփանյան -  Երեխեքը մնում էին Լուսակերտում, հետո՝ Էջմիածին, էջմիածինից հետո ես վիրավորվեցի, եկան Թուֆենկյան, սոցապն ա տեղավորել, հետո որ պրծա, տեղափոխեցին ստեղ:

Բորիսը ասում է՝ սոցապնախարարությունը հոգացել է, որ այս ամբողջ ընթացքում կեցության, ֆինանսի, հագուստի կամ սննդի մասին չմտածեն:

Բորիս Ստեփանյան - Ուտելիքը կա, նորմալ ա, շորերը կա, երեխեքին շորեր ունեն: Սոցապի տրամադրության տակ ենք դեռ, իրանք են ամեն ինչով ապահովում:

Գերատեսչության արագ արձագանքման և աջակցման կենտրոնը պատերազմի հենց առաջին օրից 7 օր 24 ժամ ռեժիմով փորձել է նախ լուծել արցախցիների կացարանի հարցը:

Դավիթ Դադալյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կացարանների համակարգման կենտրոնի համակարգող) - Նախարարությունը աշխատել է տեղավորել հիմնականում պետական ենթակայության կառույցների հաստատություններում: Երևանում և հարակից մարզերում բնակվել են հիմնականում այն անձինք, ովքեր ունեն բժշկական ծառայությունների հաշմանդամության հիմքով, այլ ծառայությունների կարիք ունեցողներ:

Կենտրոնը նաև աջակիցներ է ունեցել. 40-ից ավելի կազմակերպություն, ավելի քան 100 կամավոր՝ սոցաշխատողներ, ուսանողներ: Թվերը դեռ ամփոփվում են, բայց նախարարությունը 15 հազարից ավելի քաղաքացի է ընդունել, հիմա կենտրոնի հովանու տակ մոտ 1500-ն են մնացել:

Դավիթ Դադալյան - Գրեթե բոլոր մարզերում մենք ունեցել ենք հանրակացարաններ: Աշխատել ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնք նաև հոգ են տարել սննդի հարցը:

Աջակցման ծրագրերը չեն ավարտվում, ամեն օր Արցախցում կյանքը բարելավելու համար նոր գաղափարներ են ծնվում: Ով որքան դեռ կմնա ժամանակավոր կացարանում՝ հայտնի չէ: Բորիսն էլ շատերի պես այսօր վերադարձի հասցե չունի, որդին դեռ փոքր է, ուրիշ տեղ գիշերելու պատճառը չի հասկանում, բայց գիտի, որ անիվը մի օր իրեն հարազատ գյուղ է տանելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում