Տեսչական մարմինն Արարատի մարզում ուղեվարձը բարձրացնողներից պարզաբանում է պահանջել

ՌՌոզա Խաչատրյան

Արարատի մարզը մայրաքաղաքին կապող որոշ փոխադրողներ բարձրացրել են տրանսպորտի ուղեվարձը: Ոլորտը կարգավորող մարմինը տեղեկացնում է՝ կան դեպքեր, որ արդարացված են, որոշ դեպքերում՝ թանկացումն անհիմն է:

Ուղեվարձի թանկացման մասին հուշում են նաև ավտոբուսում նոր փակցված թղթերը: Հունվարի սկզբից Արտաշատ-Երևան 452 համարի երթուղին սպասարկում է 50 դրամ բարձր գնով: 452 համարը միակը չէ: Արարատի մի քանի գծերում նույնպես ինքնակամ բարձրացրել են սակագինը:

«Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային Երևան-Արարատ երթուղին 400 դրամից դարձել է 500 դրամ: «Լիգա» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող Դիվին-Երևան ավտոբուսի, Գետազատ-Երևան միկրոավտուբուսի ուղեվարձերը 250-ից դարձել են 300 դրամ: Մասիս-Երևան երթուղին 150-ից դարձել է 200, Նարեկից Երևան կարելի է հասնել 300-ի փոխարեն 350 դրամով:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պարզաբանում են՝ սակագների բարձրացման որոշ դեպքեր արդարացված են, մյուսները՝ ոչ:

Արտյուշ Գրիգորյան, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ - Օրինական են այն երթուղիները, որոնք ժամանակին մրցույթով նախատեսվել է կոնկրետ ֆիքսված սակագին, բայց իրենք շարունակել են սպասարկել ավելի ցածր սակագնով:

Օրինակ՝ Երևան-Արարատ միկրոավտոբուսի երթուղու մրցույթում հաղթած ընկերությունն ի սկզբանե պետք է սպասարկեր 500 դրամով, բայց «Լիգա» ՍՊԸ-ն բավարարվել է 400 դրամով: Հունվարի սկզբից 500 դրամի անցնելն այս երթուղու համար օրինական է: Նույն պատկերն է Արտաշատ-Երևան միկրոավտոբուսի, Մասիս-Երևան և Նարեկ-Երևան ավտոբուսների պարագայում:

Արտյուշ Գրիգորյան - Իսկ մի շարք դեպքերում ուղևորավարձը 50-ից 100 դրամ բարձրացրել են, ինչը մրցույթի պայմանների կոպիտ խախտում է:

Ապօրինի ավելացել է 451 համարի Արտաշատ-Երևան, 453 համարի Արարատ-Երևան ավտոբուսների, Դվին-Երևան, Վեդի-Երևան և Գետազատ-Երևան միկրոավտոբուսների ուղևորավարձը:

Միջմարզային մի քանի երթուղիներ սպասարկող «Լիգա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ իրենք հիմնականում գործել են օրենքի սահմանում: Իսկ որոշ երթուղիների մրցութային փաթեթում սահմանվածից բարձր սակագնով սպասարկելը պայմանավորում է մի շարք հանգամանքներով, օրինակ՝ վառելիքի թանկացմամբ:

Գագիկ Գրիգորյան, «Լիգա» ՍՊԸ-ի փոխտնօրեն - Կար ժողովուրդ՝ նորմալ էր, կարողանում էինք այդ գներով սպասարկել, սակայն հիմա ուղևորահոսքի նվազումով, կորոնավիրուսով, պատերազմական դրությամբ պայմանավորված՝ ուղղություններն ի վիճակի չեն սահմանվածից ցածր գներով սպասարկել:

Տեսչական մարմինն ուղևորափոխադրումների մրցույթում հաղթած ընկերությունների հետ քննարկել է իրավիճակը:

Արթուր Արաբաչյան, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ - Տվեցինք պարտադիր կատարման ցուցումներ, ինչպես նաև գրավոր նախազգուշացում՝ տալով 5-օրյա ժամկետ: Կիրականացնեն համապատասխան ուսումնասիրությունները, եթե ոչինչ չփոխվեց, միջնորդություն կներկայացնենք տվյալ կազմակերպությւոնների վերաբերյալ, երթուղուց զրկման հայտ կներկայացնենք:

Արարատի մարզն սպասարկող ընկերություններն էլ դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ սակագների վերանայման հարցով:

Արտյուշ Գրիգորյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մրցութային հանձնաժողովը պետք է նիստ գումարի և քննարկի կազմակերպությունների ներկայացրած հիմնավորումները, որոնք վերաբերում են սակագնի բարձրացմանը: Եթե հիմնավորումները հավաստի համարվեն, ապա կարող է սակագինը բարձրացվել:

Մինչ մրցութային հանձնաժողովի նիստը՝ տեսչական մարմինն ընկերություններից պահանջել է սպասարկել մրցույթի պայմաններով նախատեսված սակագնով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում