Ամեն տարի այս օրն Ավետիսյան ընտանիքի դուստրերը նախ այցի են գնում հանգուցյալ հարազատների շիրիմներին, հետո այցելում հայրական տուն, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցավ ողբերգությունը։ Այստեղ ոչ ոք չի բնակվում, ոչինչ չեն տեղաշարժել։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սպանության օրն էր: Միայն հյուրասենյակի տոնածառն են հանել, պարանի լվացքը հավաքել։
Հանցագործության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2016թ․ օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն հանցագործության իրական շարժառիթը հանրության համար մնաց չբացահայտված:
Ողբերգությունից վեց տարի անց դատաքննությունը չի տվել հուզող հարցերի պատասխանները՝ պնդում են Ավետիսյանների հարազատները: Նրանք վստահ են՝ զինծառայող Պերմյակովը միայնակ գործել չէր կարող։
Անցած տարիներին սպասել են, որ գործը վարույթ ընդունվի մարդու իրավունքների Եվրպոպական դատարանում։ Հիմա հայտարարում են՝ նույնիսկ չգիտեն՝ գործը հասել է եվրադատարան, թե՞ ոչ։ Այդ մասին վկայող որևէ փաստաթուղթ, ասում են, չունեն։
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանական խմբից Լուսինե Սահակյանը «Լուրերի» հետ զրույցում վստահեցրեց, որ գործը հիմա գտնվում է ՄԻԵԴ-ում, պարզապես պետք է սպասել։ Ավետիսյանները խնդրում-պահանջում են օգնել՝ հասնելու բացահայտմանը, թեկուզ դա լինի գործի վերաբացման կամ արտաշիրիմում կատարելու եղանակով։
Ասում են՝ մի ամբողջ ընտանիք դաժանորեն սպանվեց, բայց դեռ կան մարդիկ, որոնք սփոփելու փոխարեն վիրավորում են:
Վարչապետի հետ հանդիպում են խնդրել, չի ստացվել։ Հույս ունեին, որ հեղափոխությունից հետո այլ քրեական գործերի հետ այս մեկն էլ կվերաբացվեր և լույս կսփռվեր մութ կողմերի վրա։ Մի խնդրանք էլ ունեն կառավարությանն ու բարերարներին՝ աջակցել նորոգելու հայրական տան հատակը, որպեսզի գոնե հնարավորություն ունենան այցելելու և զրուցելու ավերակ դարձած տան բնակիչների լուսանկարների հետ։
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 6 տարի անց, հարազատներն անպատասխան հարցեր ունեն
Դիտումներ44













