Ուխտաձորից՝ Ուրցաձոր. Հադրութից տեղահանված մի ընտանիքի պատմություն

ՇՇողիկ Գալստյան

Արցախցի Բաղրամյանների 14-հոգանոց գերդաստանի համար այս տան պատերից ներս ապագան առավել անորոշ է, քան հոկտեմբերի 2-ի առավոտն էր, երբ պարտադրված լքեցինց իրենց տունը:

Հադրութի Ուխտաձոր գյուղից նստել են ավտոբուս ու տեղեկացել, որ Հայաստան են գալիս: Ուխտաձորից Ուրցաձոր ճանապարհը պատերազմից փրկվելու՝ Բաղրամյանների երթուղին դարձավ:

Պատկերացում անգամ չունեին, որ կողպված տան դռներն այլևս իրենք չեն բացելու:

Մարգո Բախշյան -  Հադրութից տեղահանված - Դամաշնիկով ենք եկել, ոչ մի բան չենք վերցրել։ Ապրիլին որ չորս օր տևեց, մտածեցինք` այս անգամ էլ չորս օր կտևի, գնալու ենք, գանք:

Սեպտեմբերի 27-ից հետո Մարգո Բախշյանը գիշերները գրեթե չէր քնում, այդ գիշերն էլ արթուն էր անցկացրել:

Լուսադեմին հակառակորդի սաստիկ կրակոցներից րոպեներ անց ընտանիքը տարհանվել է:

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի կիսախոնավ պատերով այս տանն էլ օրեցօր մարել է Հադրութ վերադառնալու վերջին հույսը:

Տարիներով ստեղծած ապրուստը թշնամուն թողած ընտանիքը պատերազմի օրերին աղոթում էր միայն մի բանի համար՝ մարտի դաշտում կռվող եղբայրները ողջ ու առողջ տուն վերադառնան:

Մայրը տղաներից հեռախոսազանգ ստանում էր լավագույն դեպքում շաբաթը մեկ:

Հոկտեմբերի 11-ին Սևակը մորը զանգել է վերջին անգամ: Մեկնելուց առաջ էլ չի մոռացել, աշխատավարձի քարտն ու գաղտանաբառը տվել է նրան:

Սևակի զոհվելու լուրը օրեր անց ընտանիքին հայտնել է նրա ծառայակից պայմանագրայիններից մեկը:

ժամանակավոր բնակության համար հատկացված տան մի անկյունում՝ դեղին ծաղիկների կողքին, Սևակի լուսանկարն է: Սակայն 29-ամյա տղայի մարմինը դեռ չի գտնվել:

Սոցիալական ծանր պայմաններից անկախ, մայրը խնամքով պահում է որդու երեք ամսվա աշխատավարձը: Հուղարկավորությունը պետությունն է կազմակերպում, բայց գուցե այլ ծախսերի կարիք լինի:

Մարինե Բաղրշիրյան - Սևակի մայրը - Փող չունեմ, որ բերեն ինչ եմ անելու... Մի կոպեկ չեմ վերցնում էդ փողից։

Սևակի եղբայրը շարունակում է պայմանագրային ծառայությունը: Մայրը մի որդուն կորցնելուց հետո կուզեր մյուսի կողքին լինել, սակայն Ստեփանակերտից ասել են՝ ազատ տուն չկա, որ վերադառնան, այնտեղ ապրեն:

Պետական կառույցներից մինչև այժմ ստացած աջակցությունն այս ներքնակներն են: Մի քանի կտոր սպասք էլ բարեկամներն են տվել, որ բավարարի բազմանդամի ընտանիքին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Լուրերին» հայտնեցին՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրից տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա 300 հազար դրամ միանվագ աջակցություն: 

Ընտանիքի հայրը զրույցի ընթացքում որևէ բառ չի ասում:

Մարգո Բախշյանը մի քանի րոպե փորձում է հիշել , թե ինչ ունեցվածք են թողել գյուղում, թվարկում է՝ 60 տոննա ցորեն ու գարի, 15 կով, խոզ, հավեր, ավտոմեքենա, գյուղտեխնիկա:

Սևակի մայրը՝ Մարինեն, թեև հույսը կորցրել է, միևնույն է, ամեն օր որդու հեռախոսահամարին է զանգում:

Ասում է՝ փոքրիկների հարցերին պատասխաններ չի գտնում:

Տեսախցիկի մոտ էլ փոքրիկները քչախոս են, միայն բանավոր նամակ են փոխանցում Ձմեռ պապիկին:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում