Հարգանքի տուրք՝ հերոսներին. Արցախի նախագահի աշխատանքային օրն Արմավիրի մարզում

ՀՀովհաննես Վարդանյան

Արցախի նախագահն Արմավիրում է՝ մեծարելու այս պատերազմի հերոսներին: Ջանֆիդան հերոսների գյուղ է: Այս պատերազմում 5 զոհ է տվել, նրանցից երկուսը՝ Գասպարյանների ընտանիքից: Հայր ու որդի սկզբում Արցախի հյուսիսում, հետո հարավում հերոսաբար կռվել, ռազմաճակատում են անմահացել:

Ռազմիկ Ավագյան («Սև հովազ» ջոկատի կամավորական) - Մարդ մեծատառով, հրամանատար, որ բոլոր զինվորների համար է ցավել, կանգնել է բոլորից առաջ: Իր ամեն մի քայլն էլ սխրանք էր:

Ռուստամ Գասպարյանը պահեստազորի գնդապետ էր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր: Արայիկ Հարությունյանն ասում է՝ նրա հետ քիչ է շփվել, բայց լեգենդներ է լսել: Նախագահը տանը՝ հարազատների հետ, հետո նաև համագյուղացիների մոտ ներկայացրեց «Սև հովազ» ջոկատի հրամանատարի սխրանքը:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Սա բացառիկ երևույթ է ոչ միայն հայ պատմության, այլև, ինձ թվում է, մարդկային պատմության մեջ, երբ հայր ու որդի միասին, բարեկամներով գնում են ամենաթեժ տեղը: Ռոստոմն այն լեգենդն է, որ միշտ մեզ հետ է լինելու:

Նախագահը կրտսեր Ռուստամին է հանձնում պապի բարձրագույն պարգևը՝ «Ոսկե Արծիվ» շքանշանը: Ասում է՝ Արցախի հերոսի սխրանքն անգնահատելի է:

Արայիկ Հարությունյան - Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ու ապահովման գործում, ԱՀ մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Արմավիրի ավագանին նույնպես բարձր է գնահատել Ռուստամ Գասպարյանի սխրանքը՝ նրան հետմահու շնորհելով Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում:

Դավիթ Խուդաթյան (Արմավիրի քաղաքապետ) - Սա քաղաքի, քաղաքի ավագանու և անձամբ իմ անունից հարգանքի և երախտիքի խոսք է Ռուստամ Գասպարյանին, ով Արմավիրը համարում էր իր հարազատ քաղաքը, և արմավիրցիները Ռուստամ Գասպարյանին համարում են իրենց հերոսը, իրենց քաղաքի հերոսը:

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի նախագահը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով էլ հետմահու պարգևատրեց ավագ լեյտենանտ, հետախույզ Միհրան Ավդալյանին:

Նախագահ Հարությունյանը «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնել է նաև ժամկետային զինծառայող, սարդարապատցի Դավիթ Գրիգորյանի հարազատներին: 20-ամյա Դավիթը «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր Կարախամբիլիի և Վարանդայի հատվածում 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում