Գալիս եմ ուղիղ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու, ոչ թե կրքեր բորբոքելու. Փաշինյանը դիմել է սյունիքցիներին

ՆՆարեկ Սահակյան

Ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումն ամենևին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, նախ Սյունիք գալու որոշումը կայացրել եմ սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու նպատակով:

Երկրորդ, որն առավել կարևոր է, ձեր հարցերին պատասխանելու, ուղիղ ձեր աչքերին նայելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ կկարողանամ դրանց պատասխանել, ձեր կասկածները փարատել և եթե նման համոզմունք չունենայի, այսպիսի որոշում չէի կայացնի»,- ասաց վարչապետը: 

Փաշինյանը կրկին շեշտեց, որ իր նպատակն իրավիճակը սրելը կամ վերքերին աղ լցնելը չէ: 

«Ես գալիս եմ ձեզ հետ խոսելու: Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորին՝ առանց այն էլ լարված այս իրավիճակում կրքեր չբորբոքել: Ձեզ հետ խոսելիս հայացքս չեմ փախցնելու, քանի որ պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ: Կփորձեմ ի ցույց դնել, որ դրանք կատարել եմ և կատարում եմ լիարժեք:

Հույս ունեմ, որ մեր խոսակցությունը տեղի կունենա, քանի որ մենք կարող ենք այս իրավիճակն իրար հետ հաղթահարել: Կրկին ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից, ի հեճուկս տարածված խոսակցությունների և, ընդհանրապես, ՀՀ տարածքներից, ոչ մի միլիմետր չի զիջվելու: Այս մասին հույս ունեմ կխոսենք բաց, որպեսզի տեղեկատվությունը լինի ամբողջական»,- ասաց վարչապետը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում