ՀՀ 130 բուժհաստատությունում բուժումն անվճար է տեղահանվածների ու պատերազմի մասնակիցների համար

Քանի դեռ հիվանդներն ամբողջությամբ չեն առողջացել, Հասմիկ Երվանդովնայի համար հիվանդանոցից այն կողմ կյանքը կանգ է առած: Լույսը դեռ չբացված՝ արդեն հիվանդանոցում է, տուն է վերադառնում կեսգիշերին մոտ: Երբ «էրեբունիում» դեռ քովիդ բաժանմունք էր գործում, բժշկուհին շատ անգամ նույնիսկ գիշերել է այստեղ: Հիմա էլ ծնողի հոգատարությամբ ու իրեն հատուկ պրոֆեսիոնալիզմով մասնակցում է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների բուժմանը:

Հասմիկ Սաիյան («Էրեբունի» ԲԿ թերապիայի գծով փոխտնօրեն) - Զինվորների նկատմամբ, բնականաբար, մի քիչ այլ վերաբերմունք ունենք մենք:

Վիրավոր զինծառայողների թվում, ի դեպ, քիչ չեն նաև քովիդով վարակվածները, ինչն իր հերթին կրկնապատկում է զինվորի բուժման ու խնամքի գործընթացը: Այս ամենին գումարվում են նաև պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները:

Հասմիկ Սաիյան - Իրենց հոգեբանական լարվածությունը մի քիչ ավելի շատ հոգեբանների գործն է, թեպետ բոլորս էլ կարծես հոգեբաններ ենք դարձել, աշխատում ենք հետները այդ ուղղությամբ:

Զինվորը հոգեբանի կարիք կունենա, վիրահատության թե այլ ծառայությունների՝ պետության կողմից երաշխավորված ծրագրով բուժօգնությունն անվճար պետք է ստանա: Հայաստանի մարզերի ու Երևանի 130 մասնավոր ու պետական բուժհաստատության հետ առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել:

Քնար Ղոնյան (ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ) - Նախատեսվում են առողջության առաջնային ծառայություն, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, հիվանդանոցային բուժօգնություն, այդ թվում՝ ԿՏ, ՄՌՏ, ԿՏ անգիոգրաֆիա, մյուս բոլոր հետազոտությունները, որոնք նախարարի հրամանով հաստատված ցանկում ընդգրկված են, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ: Այդ ամենը ներառված է երաշխավորված ծառայությունների փաթեթում:

Կփոխհատուցվեն բուժկենտրոն դիմած ու ծառայություններ ստացած բոլոր այն զինվորականների, կամավորների ու պահեստազորայինների ծախսերը, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին ու վիրավորում ստացել:

Քնար Ղոնյան - Բոլոր խմբերն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության արտոնություններից, ապահովվում է հիվանդանոցային բուժօգնությունը, ապահովվում է վերականգնողական բուժօգնությունը:

Եթե սպասարկվող անձը զինվորական է, հիվանդանոց է ուղեգրվում պաշտպանության նախարարությունից: Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, նրանց ուղեգրերը տրամադրելու են պոլիկլինիկաները: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ Արցախի քաղաքացիները, նման ուղեգրեր ստանալու, ինչպես նաև առաջնային օղակի բուժսպասարկումից օգտվելու համար պետք է հաշվառվեն Հայաստանի ցանկացած պոլիկլինիկայում՝ իրենց նախընտրությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում