Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում կլինի ապրիլ-մայիսին

ԱԱրսեն Մկրտչյան

Գայանե Սահակյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ) - Քովիդ-19 պատվաստանյութը՝ մեզ օգնություն տրամադրված ՌԴ առողջապահության նախարարությունից, պահպանվում է այս սառնարանում՝ մինչև -15 ջերմաստիճանային պայմաններում: 

Ռուսաստանից ստացած օգնությունը համապատասխան ջերմաստիճանում ու պայմաններում պահվում է պատվաստանյութերի պահեստում: Նվեր ստացած չափաքանակն ընդամենը 15 հոգու համար է: Յուրաքանչյուրին նախատեսված է երկու դեղաչափ, կպատվաստվեն 21 օր ընդմիջումով: Առաջին կամավորներն են առողջապահության նախարարը, նրա տեղակալներն ու իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Գայանե Սահակյան - Փոխնախարարն էլ, նախարարն էլ նորմալ տարել են, տեղային ռեակցիաներ չենք ունեցել:

Կամավորները շատ են, արդեն մի քանի տասնյակ մարդ է նախարարություն դիմել, բայց ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում՝ մինչև կամավորներին պատվաստելը, առաջին փորձարկումը նախարարության մասնագետներն են արել: .

Թագավարակի դեմ պայքարում Ռուսաստանն առաջին երկրներից էր, որ պատվաստանյութ ստեղծելու քայլեր ձեռնարկեց: «Սպուտնիկ V»-ն առայժմ կլինիկական փորձարկումների փուլում է. արդեն 40000 մարդու են պատվաստել:

«Սպուտնիկ V»-ի 1 դեղաչափի արժեքն այս պահին 20 դոլար է, ամերիկյան «Մոդեռնայի» դեպքում՝ 37: Ցանկացած դեղաչափ մատչելի գնով ձեռք բերելու համար նախարարությունը դիմել է «Կովաքս ֆասիլիթի» նախաձեռնությանը, որն այս ընթացքում գնային քաղաքականության առումով բանակցում է պատվաստանյութ արտադրող բոլոր ընկերությունների հետ: Պայմանագրերն արդեն կնքված են՝ ասում է առողջապահության փոխնախարարը:

Արտյոմ Սմբատյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) -  Ե՛վ բանակցում ենք ՌԴ-ի հետ՝ ռուսական  պատվաստանյութ գնելու համար, և՛ ունենք արդեն իսկ կնքված պայմանագիր «Կովաքսի» հետ, կանխավճարը վճարված է պայմանագրի կետին համապատասխան,  բայց քանի որ ռուսական վակցինան, իմ ունեցած տեղեկություններով, «Կովաքսի» հետ չի ներառում, մենք ՌԴ-ի հետ առանձին, այդ մասով քննարկումներ ենք անում: Խոսքը 300 հազար անձի համար նախատեսված 600 հազար դոզայի մասին է:

Նախատեսվում է, որ պատվաստանյութը Հայաստանում կլինի ապրիլ-մայիսին: Պատվաստման գործընթացն էլ կիրականացվի կամավորության սկզբունքով, առաջնային պատվաստվողները ռիսկի խմբում գտնվողներն են լինելու՝ բուժաշխատողներն ու տարեցները:
 
Մինչև առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի, արդեն որոշված է, թե սառցե այս շղթայում որտեղ է պահվելու սպասվող պատվաստանյութը:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում