Ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց. ԱԺ-ն քննարկում է Քրեական օրենսգիրքը

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Բադասյանի խոսքով՝ նախագծով նախատեսված են համակարգային նոր լուծումներ, որոնք միտված են հանցավոր արարքների դեմ պետության հակազդեցության արդյունավետության բարձրացմանը և պետության քրեական քաղաքականության հիմքում ընկած սկզբունքային մոտեցումների ներդաշնակության ապահովմանը:

«Ներկայումս գործող, 2003-ին ուժի մեջ մտած օրենսգիրքն իր գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում ենթարկվել է մի քանի տասնյակ փոփոխությունների ու լրացումների, որոնք հանգեցրել են օրենսգրքում ներքին հակասությունների և բացերի առաջացմանը: Նախագծի ընդունման կարևորությունը հիմնավորվում է առկա տարաբնույթ թերությունների վերացման և նոր միջազգային պարտավորություններից բխող հայեցակարգային նորարար միջոցներ պահանջող ինստիտուտների ներդրման անհրաժեշտությամբ»,- նշեց Բադասյանը:

Նախագծով հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները, և նախատեսվել են հանցանք կատարած անձին իր արարքին համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը:

«Նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականությանն անցնելու գաղափարախոսությունը: Որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Այս առումով հստակ ամրագրվել է՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Վերանայվել է պատիժների համակարգը: Ընդարձակվել է ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը՝ նախատեսելով այլընտրանքային նոր պատժատեսակներ, օրինակ՝ ազատության սահմանափակումը՝ տնային կալանք, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը»,- նշեց նախարարը:

Փոխվել է հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Այն ուղղակիորեն նախատեսվել է հոդվածների սանկցիաներում, և դատարանները կարող են առանց որևէ նախապայմանի նշանակել այդ պատժատեսակը: Հիմնովին փոխվել է տուգանք պատժատեսակը:

«Տուգանքի հաշվարկման հիմքում բազային չափը լինելու է ոչ թե ներկայիս 1000 դրամը, այլ անձի ամսական եկամուտը: Դա անձի գույքի, եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հավաքելու միջոցով է լինելու, բայց մեխանիզմն ավելի կհստակեցվի»,- նշեց Բադասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում