Հանուն հայ զինվորի. մարդիկ շարունակում են փոխանցել թիկունքի ջերմությունը նաև ձմռան ցրտին

ՀՀայկ Նավասարդյան

Դիրքերում եղանակը գնալով ցրտում է: Գրառումից օրեր անց անձրևից, ձնից պաշտպանող անձրևանոցները Հայաստանում են:

Տեղումների ժամանակ զինվորը այս անձրևանոցով հարյուր տոկոսով պաշտպանված է: Մեծ չափի են, որ ձմեռային վերարկուի վրայից զինվորները հեշտ հագնեն: 

Ձնից, անձրևից պաշտպանելուց բացի՝ նաև քամուց, ցրտից է պետք պաշտպանել զինվորին: Արցախի հյուսիսում՝ սարերում, որտեղ առատ ձյուն է, սահմանապահ տղերքի համար նաև տաք ներքնահագուստ, գլխարկներ են պետք: Մինչև անձրևանոցն ու տաք հագուստը պահեստում կլինեն, կողքի սենյակում ջրի զինվորական ուսապարկեր են, որ շուտով առաջնագիծ կհասնեն

«Հանուն հայ զինվորի» գրությամբ արկղերը Չինաստանից են Հայաստան հասել: Այս խմբաքանակով արդեն Արցախի Պաշտպանության բանակի հետախուզական բոլոր ստորաբաժանումներն ապահովված կլինեն:

Դավիթը, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահն է, զինվորի համար դրամահավաք սկսեց: Սնունդ, հագուստ անգամ նկարահանող դրոնը առաջնագիծ ուղարկեց:

Դավիթ Թորոսյան («Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ) - Միայն պատերազմի օրերին տրամադրած օգնությունը մոտավորապես 70.000 դոլարի է հասնում: 

Որ դիրքապահ տղերքը գիշեր թե ցերեկ կարողանան սահման հսկել, հավաքված գումարով նաև հեռադիտակներ ու գիշերային տեսանելիության սարքեր է գնել:
 
Սա էլ խոստացած հատուկ նվերն է, հատուկ ստորաբաժանումների համար, որ ծանր մարտերով սահման էին պահել:

Թեժ մարտերի օրերին Դավիթն ու ընկերները մարտական դիրքեր հագուստ, սնունդ տարան, այնտեղից զինվորի՝ կյանք պարգևող ժպիտներ ու բարևներ փոխանցեց:

Այնտեղ, ուր սարերը ամպերից բարձր են, կապի միակ միջոցը՝ միմյանց անձամբ տեսնել-շփվելը, չէին կարողացել նկարել: Փոխարենը ռադիոկապով ձայնագրել էին երգող, նվագող տղաների ձայնը:
 

Դավիթ Թորոսյան - Շեփոր նվագող տղայի ձայնը ճանաչել էր մայրը, նրան չէր տեսել, լսել էր ձայնը:

«Հանուն հայ զինվորին» բանակի կողքին է 2016-ի ապրիլյանից հետո, այսօր, վաղը ու միշտ,- ասում է Դավիթը,- հավատարիմ է սկսած գործին, նշանաբանին, չէ՞ որ պատերազմը միայն փաստաթղթով է ավարտվել:

Մեքենայի մեջ պատերազմով անցած զրահաբաճկոնն ու քնապարկն է, պատրաստ է ամեն րոպե Արցախ գնալու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում