Դրամական աջակցություն կստանան պատերազմի ժամանակ զոհված և վիրավորված քաղաքացիական անձինք

5-ական մլն դրամ պատերազմի ժամանակ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և ըստ հաշմանդամության խմբերի՝ 3, 2 և 1-ական մլն դրամ՝ վիրավորվածներին: Կառավարությունը հաստատեց սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հետևանքով Արցախում և ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով նաև՝ Հայաստանում քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների ընտանիքների և վիրավորվածների աջակցության նախագիծը: Ցանկը կազմել են Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները: 

Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - ՄԻՊ-ի կողմից սահմանվել են որոշակի կարգավորումներ, սահմանված է նաև ժամկետ, որովհետև առաջիկայում կարող են լրացուցիչ տեղեկություններ լինել զոհերի և վիրավորների մասով:

Զինծառայողների դեպքում փոխհատուցումը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք ամիսներ առաջ այս որոշմանը համարժեք կարգավորում ունեցանք՝ սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար և հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին:

Գործադիրը ընդունեց նաև արցախյան պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման ծրագիրը: Քաղաքացիներին կփոխանցվի գումար, որպեսզի վերացնեն իրենց տներին հասցված վնասները: Խոսքը Սյունիքում և Գեղարքունիքում վնասված 75 անշարժ գույքի մասին է:

Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ վնասներն ամբողջությամբ փոխհատուցվում են:

- Բացի մեկ դեպքից, որ տունն ամբողջությամբ վնասվել է:

-10-15 օրվա ընթացքում հույս ունենա՞նք, որ մարդիկ կստանան իրենց գումարները:

- Առավելագույնը՝ 15-20 օրվա մեջ:

- Պետք ա հնարավորինս արագ անել: Հաշվի առնելով, որ ցանկը արդեն ունենք, աշխատակիցներն իրենք կզանգեն, չենք սպասի քաղաքացիների զանգերին:

Շարժական գույքի վնասի փոխհատուցման հարցը կառավարությունը կքննարկի առանձին նախագծով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նիստի ընթացքում քննարկվող բոլոր նախագծերը նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ են տեղավորվում:

Նիկոլ Փաշինյան - Չզեկուցվող հարցերի փաթեթում նույնպես մենք ունենք այդպիսի հարցեր և մենք այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու ենք:

Պատրաստվում է նաև նախագիծ, որի հաստատման դեպքում կփոխհատուցվի պատերազմին մասնակցած ուսանողների և այն անձանց այս տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, որոնք մասնակցել են պատերազմին և ուսանող երեխաներ ունեն:

Նիկոլ Փաշինյան - Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն մենք դե յուրե կընդունենք, բայց, պարո՛ն Դումանյան, բուհերում այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր պիտի չառաջանա, մինչև այս ուսանողների ցանկը հաստատվի:

Կառավարությունից դրամական փոխհատուցում կստանան հայաստանցի և արցախցի այն ընտանիքները, որոնք իրենց տանը հյուրընկալել են կամ իրենց կացարանը տրամադրել են տուն-տեղը կորցրած արցախցի ընտանիքներին: Հայաստանում հյուրընկալելու դեպքում յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հաշվով հյուրընկալն ամեն ամիս կառավարությունից կստանա 30, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ: Ծրագիրը կգործի 6 ամիս, իսկ հյուրընկալ ընտանիքներն իրենց գումարը կարող են ստանալ էլեկտրոնային դիմումով, որին կցված կլինեն նաև արցախցի ընտանիքի անդամների տվյալները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում