Կառավարությունը կաջակցի զոհված և վիրավոր անձանց ընտանիքներին

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցի քննարկմամբ: Նախագիծն ընդունվեց միաձայն: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասնեց, որ միջոցառմամբ առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ հաշմանդամության խմբերի՝

  •  առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,

  •  երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,

  •  երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,

  •  հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,

երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 3 միլիոն դրամ:

Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով: Այս միջոցառումից օգտվելու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

«Զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար: Հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում