Երեխաների նկարների վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՄՄայա Խաչատրյան

Բանակին օգնելու գործին միացել են բոլորը՝ մեծից փոքր՝ ժենգյալով հաց թխելուց մինչև նկարել: Նկարներում էլ՝ Արցախն է, զինվոր-հայրիկներն ու խաղաղության սպասումը: Խաղաղատենչ նկարները վաճառվելու են, իսկ գումարը փոխանցվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Արցախցի Անդրեյի պատկերած խաղաղությունն է: Կիրակի նա արթնացավ թշնամու ուժգին հրետակոծության ձայնից:

Անդրեյ Հովսեփյան - Քնած էի, քույրս արթնացրեց՝ Անդրե՛յ, շուտ վեր կաց: Ձայներ էին, տանկեր:

Երևանում մոր և քույրերի հետ սպասում է՝ խաղաղությունը վերադառնա, որ տուն գնան: Հայրը զինվորական է: Պաշտպանության բանակի մայորն առաջնագծում, ինքը՝ թիկունքում ամեն ինչ անում են, որ պատերազմն օր առաջ ավարտվի:

Անդրեյ Հովսեփյան - Հայրս ասել ա, որ չվախենանք, և որ Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի ոտքը չի լինի:

Անդրեյն ուզում է զինվոր դառնալ, կռվող տղաների հետ, մեկընդմիշտ Արցախն ազատել ադրբեջանական ոտնձգություններից: Հարազատ Ստեփանակերտը միայն հեռուստացույցով է տեսնում, վայրեր կան, որ տեսնում ու չի ճանաչում:

Պատահական հանդիպումն ուսուցչի հետ մեղմեց կարոտը: Անհամբեր են՝ երբ է Ստեփանակերտում կրկին հնչելու դպրոցի զանգը:

Անուշ Սարումյան (Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան դպրոցի ուսուցչուհի) - Շատ լավ աշակերտ ա, երգում ա, ասմունքում, նվագում, կատարյալ գերազանցիկ: Այսօր հայ ժողովուրդը մեկ երազանք ունի՝ խաղաղություն:

Պատերազմի ու խաղաղության թեման բոլոր երեխաների նկարներում է:

Լանա Հարությունյան (նախաձեռնության հեղինակ) - Շատ կարևոր էր, որ իմանան, որ երկրում ինչքան կարևոր օղակ են, փոքր են, բայց կարող են ավելին անել, քան իրենց տարիքն է:

Միջոցառման խորագիրն է ՝ «Երեխաներն ընդդեմ պատերազմի»: Բանակին օգնելու փոքրերի կոչին մեծերն անտարբեր չեն:

Գումարը կփոխանցեն համահայկական հիմնադրամին: Բանակին օգնելու համար նաև սյունեցի Վանեսան է նկարում: Սոցցանցում տարածված հայտնի լուսանկարի հերոսուհին սպասում է՝ երբ է կրկին գրկելու հայրիկին:

Վանեսա Մարտիրոսյան - Մասիս սարը, Հայաստանի դրոշը: Հայրիկին, մայրիկին...

Ինչ ես ավելացնում՝ ամպեր, արև, կմտածեմ՝ էլ ինչ ավելացնեմ:

Անդրեյի նկարը գնեց Լիլիթը: Այստեղ նա գտավ հրետանավոր նշանածին: Գյումրեցի Հայկ Ալեքսանյանը մասնակցեց մի քանի դիրքի պաշտպանության, ղեկավարեց մարտն ու ընկավ որպես հերոս:

Լիլիթ Մեժլումյան - Ասում էր ՝ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր՝ Արցախը Հայաստանն է և վերջ: Ինքն ասում էր՝ ես քեզ սիրում եմ և վերջ:

Երեխաների նկարները ուժ տվեցին Լիլիթին՝ անելիք շատ ունի՝ աշխարհին կպատմի տղաների սխրանքի մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում