Ամուր թիկունք. զինվորական ցանցերի պատրաստման գործին կամավորագրվել են հարյուրավոր կանայք

ՎՎահե Դավթյան

Օրն այստեղ սկսվում, ավարտվում է պարտադրող նոտաներով՝ ամեն ինչ սահմանի և զինվորի համար: Արդեն երկու շաբաթ գալիս է, նվագում, հետո միանում թիմային աշխատանքին՝ թիկունքի ամրությունը սահմանի հաղթանակն է:

Նաիրի Գրեյս-Բարդագչյան (կամավոր) - Մեր ուշադրության կենտրոնում ցավը չէ, մահը չէ, հակառակը՝ կյանքն է, հաղթանակը:

Լուրը լսեցին՝ քողարկող ցանցեր են պետք, անմիջապես գործի անցան: Երկհարկանի շենքի բոլոր անկյուններում կամավորները չափում են, կտրում, կարում: Երկու օր սովորում են գործելու գաղտնիքներն ու միանում հիմնական թիմին: 300 կամավոր աշխատում է հերթափոխով, նախապես կազմված գրաֆիկով:

Դավիթ Աղաջանյան (նախաձեռնության հեղինակ) - Աշխատում ենք, ամեն օր ուղարկում ենք 8-12 ցանց՝ 4 x 6-ի վրա: 

300 կամավոր՝ տեղում, մոտ այդքանն էլ տնից է աշխատում: Սկզբում ցանցերն են ներկում, չորացնում, ուղարկում հասցեներով, երկու օր անց ուղարկում են պատրաստի քողարկող ցանցերը: Մի քիչ կտորի խնդիր կա, պակասը գնում են, միայն թե գործը չկանգնի:

Դավիթ Աղաջանյան - Հյուսում են ինչպես հարկն է, մի քանի զորամիավորումներում նույնիսկ ասել են, որ մեր պատրաստածը ավելի լավն ա, քան գործարանայինը:

Խորհրդատուն Ժաննան է: Ֆիլհարմոնիկի ալտահարը սովորեցնում է խիտ գործել: Աշխատում է օրական մինչև 10 խմբի հետ: Սովորեցնելուց հետո արդեն վարպետ գործողներին ուղարկում է մյուս մասնաճյուղեր: Բոլորին կոչ է անում աշխատել ինչքան հնարավոր է՝ սահմանի տղաները կյանքի ու մահվան խաչմերուկին են՝ հանուն խաղաղության:

Ժաննա Ափինյան (կամավոր) - Բոլոր ցանցերը սկսում ենք գործել բարեմաղթանքներով, մտքերով, թող այս ամեն ինչը շուտ ավարտվի, մեր տղամարդիկ վերադառնան ընտանիք, իրենց աշխատանքին:

Կամերային նվագախմբի առաջին ջութակ Աստղիկը ևս կամավորագրվել է. սահմանի խաղաղության մի դրվագն էլ ուզում է իր նվագով լրացնել: Քանի դեռ թիկունքում է՝ ցանց կպատրաստի:

Աստղիկ Վարդանյան (կամավոր) - Արդեն վարժ կարողանում ենք գործել, արագ, սա երկու օրվա աշխատանք է, կավարտենք, ուղարկեն սահման, ծառայի իր նպատակին:

Կաշխատեն որքան պետք է: Ցանց գործելուն զուգահեռ կամավորները թել են գնում, որ տատիկները տանը տաք հագուստ գործեն, ցանցերի հետ սահման ուղարկեն:

Որդուն սահման է ուղարկել, միացել կամավորների խմբին: Մտքով այնտեղ է, խնդրել է՝ իրեն էլ Արցախ ուղարկեն ՝ վիրակապ կդնի, ճաշ կեփի: Նա նույնպես սպասում է, բայց ձեռքերը ծալած նստել չի կարող:

Թամարա Բադալյան (կամավոր) - Իմ մայրական օրհնանքս՝ բարով գնան, առողջ, հաղթանակած հետ գան, էս երեխեքի միաբանությունը հուզիչ ա և ոգևորող:

Բոլորի սրտում նույն ցանկությունն է՝ վերջնական հաղթանակ և հարատև խաղաղություն: Հերթափոխն էլ արագ են կազմակերպում՝ ժամանակ չկա: Ամեն ցանցի մեջ մի նամակ կա՝ տարբեր բովանդակությամբ, բայց մեկ մաղթանքով՝ Հաղթելու ենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում