Մենք պետք է աշխարհին ցույց տանք ադրբեջանական հարձակումների քաղաքական նենգ բնույթը․ ՄԻՊ

ԼԼիլիթ Գասպարյան

Ցավոք, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, բացի զինվորականներից, սպանվածներ և վիրավորներ ունենք խաղաղ բնակչության շրջանում։ Ցավակցում ենք նրանց հարազատներին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

Նա նշեց, որ վերջին օրերին Պաշտպանի աշխատանքը եղել է խիստ թիրախային, նպատակը՝ պարզել հարձակումների տրամաբանությունը, քանի որ սա ուղիղ առնչվում է մարդու կյանքին, առողջությանը, իրավունքներին։

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք այդ հարձակումների քաղաքական նենգ բնույթը, որն ակնհայտ էթնիկ զտման նպատակ ունի»,- ընդգծեց Պաշտպանը։

Ա․Թաթոյանն ասաց, որ հակառակորդը քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածում է մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր է թիրախավորվում։

Նրա խոսքով՝ այդ զինատեսակներով թիրախավորվում են խիտ բնակեցված բնակավայրերը, օրինակ՝ Ստեփանակերտը և Հադրութը։ 

ՄԻՊ-ի հավաստմամբ՝ բոլոր ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներ։ 

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարվածները լինում են երեկոյան ժամերին, երբ մարդիկ տանն են կամ նույնիսկ քնած են։ Այդ հարձակումների նպատակն է խաղաղ բնակչությանը պատճառել առավելագույն վնաս։ Խոսքը և Արցախում, և Հայաստանում հրթիռակոծության մասին է»,- նշեց նա։

Անդրադառնալով մարտական գործողություններին վարձկանների ներգրավվածությանը՝ Թաթոյանն ասաց, որ դա արդեն միջազգայնորեն ապացուցված փաստ է, հանցագործություն է, և այդ ռեսուրսն օգտագործած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում