Գյումրու դերձակների «բանակը» անձրևանոցներ է կարում զինվորների համար

ՔՔրիստինա Մկրտչյան

Խաչատրյանների որդին ապրիլյան պատերազմի մասնակից է։ Այս անգամ ռազմական գործողությունները սկսվելու առաջին օրը նա կազմակերպեց, որ անձրեւանոց կարեն սահմանի զինվորի համար։

Հասմիկ Խաչատրյան (դերձակ)  - Տղաս ասաց՝ մամա, բերեք անձրևանոց կարենք, այն ժամանակ մենք դրա կարիքն ունենք ու ոչ մի բանի մասին չմտածեցինք, մեր ընտանիքով սկսեցինք:

Սկսեցին ընտանիքով, հետո պատվերները շատացան, բնակարանը սարքեցին արվեստանոց և Խաչատրյանների դուստրը՝ Անահիտը, հայտարարություն տարածեց ֆեյսբուքում՝ պահանջվում են կամավոր դերձակներ․

Հասմիկ Խաչատրյան - Մենք ունեցանք մեր դերձակների հզոր բանակ, արձագանք ունեցանք։ Մարդիկ գրում են, թե օգնել ենք ուզում, կտորը տեղաշարժել:

Ոչ մեկին չեն մերժում, մեկը կտորն է բռնում, երկրորդը ձեւում, մի խումբը կարում է, մյուսը՝ արդուկում, հետո գալիս է հերթափոխի ժամը։ Անահիտը խմբի կապն է ապահովում դրսի հետ ու բարձրաձայն կարդում սահմանից եկած լուրերը։

Աիդան խմբի լացկանն է, ասում է կամավոր դերձակների ջոկատի հրամանատար Հասմիկ Խաչատրյանը, բայց խոստացել է՝ ոչ մի արցունք, հիմա գործի ժամանակն է։

Աիդա Սարգսյան (Դերձակ) - Բոլորն իմ զավակներն են:

Տիկին Արաքսյան որդի ունի բանակում, անհանգիստ է, բայց վստահ է՝ հաղթանակած է վերադառնալու, երեկ է խոսել, մարտական ոգին բարձր է, որդին ասել է՝ հաղթում ենք։  

Տունը փոքր է, հերթափոխով են աշխատում, մի երկու ժամից կգա մյուս խումբը, մի խումբ էլ աշխատանքից հետո գիշերն է կարում։ Արդեն սրահ են առաջարկել ։

Կամավորի, փողի ոչ մի խնդիր չկա, միայն թե անձրևանոցի կտոր չեն ճարում, խնդիրը լուծվի՝ հազարներով կկարեն։ 

Հասմիկ Խաչատրյան - Պահանջարկ կա, ասում են 1000 հատ ուղարկեք, մենք կտորի խնդիր ունենք, որովհետեւ մուգ գույներ կան բաց գույներ, տեսականին է վերջացել, եթե օգնեն, սա լրացնենք, կանցնենք քնապարկերի կարմանը:

Կտորն արդեն վերջանում է, այսօր հերթական խմբաքանակը կուղարկեն, զուգահեռ ուսումնասիրում են քնապարկ ձևել-կարելու մեթոդները, որ ժամանակ չկորի։

Գյումրու դերձակների բանակը կազմ պատրաստ է, սպասում է հումքի և հրահանգների, կամավոր կանայք վստահ են՝ հաղթելու ենք, այլ տարբերակ չկա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում