ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարցով որոշման նախագիծն ԱԺ-ում կքվեարկվի վաղը

ՆՆարեկ Սահակյան

Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը՝ խորհրդարանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանն ի պատասխան` ոլորտի պատասխանատու նախարարն ամբիոնից հայտարարեց՝ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունը կուժեղացնի նախարարությունը. բացի այդ, լավ առիթ է կատարած աշխատանքը ներկայացնելու համար:

Նախարարի բնորոշմամբ՝ կրթական բարեփոխումների շուրջ լարվածության թե՛ օբյեկտիվ, թե՛ ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ կան, որոնց մեծ մասն անընդունելի է: Այդ փոփոխությունների արդյունքում ինչպիսի՞ հանրություն ենք ունենալու, նախարարին ուղղված հարցերի փուլում հետաքրքրվեց նախաձեռնողներից Գևորգ Գորգիսյանը:

Բուհերը շարունակում են մնալ քաղաքականացված, դպրոցների կառավարման խորհուրդներից մարդիկ հեռացվում են քաղաքական նկատառումներով: Գևորգ Գորգիսյանի կարծիքն է: Կրթության ոլորոտում պետության քաղաքականությունը բնական է՝ ոչ բոլորին է գոհացնում, սակայն ոլորտին և նախարարին վերաբերող օրակարգն այս դահլիճում չի ձևավորվել, այն սպասարկում է մերժված և հակապետական ուժերին: Պնդման հեղինակն «Իմ քայլից» Սարգիս Խանդանյանն է:

Հավակնեցիք դառնալ սուպեր նախարար և տապալեցիք կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը, դիմելով նախարարին՝ ասաց «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը` թվարկելով մի շարք ձախողումներ, որոնք, ըստ Սամսոնյանի, արձանագրվել են Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում:

Հրաժարականի պահանջին միացավ նաև «Բարգավաճ Հայաստանը»: Նաիրա Զոհրաբյանը ևս պնդեց՝ նախարարը տապալել է իրեն վստահված ոլորտը:

Բովանդակային որևիցե լուրջ հարց չհնչեց, տարակուսանք հայտնեց Ազգային Ժողովի փոխնանախագահն ու համեմատության համար շեշտեց՝ իրենք խմբակցության նիստերին միմյանց ավելի խիստ են քննադատում: Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցով ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը կկայանա վաղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում