Ծառայողական քննություն է ընթանում, որից հետո միայն կարող ենք կա՛մ դատապարտել ոստիկաններին, կա՛մ ասել՝ լավ եք աշխատել. «Իմ քայլի» պատգամավոր

ԼԼիլիթ Գասպարյան

Արդեն որերորդ անգամ համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, որ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին դիմակ չկրելու համար: Այդ մասին ԱԺ նիստի մեկնարկին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

Նա նշեց, որ ոստիկանները լավագույն դեպքում կարող են տուգանել քաղաքացիներին, բայց ո՛չ բերման ենթարկել: «Ես դատապարտում եմ այդ ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում Ձեզ, պարոն Միրզոյան, միանալ և պահանջել նշանակել ծառայողական քննություն»,- ասաց Մարուքյանը:  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատապարտելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ է եղել: «Բոլոր փաստերով ծառայողական քննություն է իրականացվում, և միայն դրանից հետո կարող ենք դատապարտել կամ չդատապարտել: Տեսանյութերը մոնտաժված են, նախապատմությունը ոչ ոք չգիտի: Թող օբյեկտիվ քննություն իրականացվի, որից հետո կա՛մ կդատապարտենք ոստիկանությանը, կա՛մ կասենք՝ լավ եք աշխատել»,- ընդգծեց նա: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ եթե քաղաքացու իրավունքները խախտվել են, նա իրավունք ունի դիմելու համապատասխան մարմիններին, սակայն գնահատական պետք է տալ միայն ծառայողական քննությունից հետո: «Էդպես չի կարելի ասել՝ դատապարտում ենք, ոստիկանն էլ է քաղաքացի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում