Ներմուծման մաքսատուրքն ավելանում է ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ. ՊԵԿ փոխնախագահ

ՆՆարե Ոսկանյան

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերը, թե ներմուծման մաքսատուրքն ավելանում է 6 անգամ: Նա նշեց, որ այն ավելանալու է մոտ 1.5-2 անգամ:

Նշենք՝ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել կոշիկի և հագուստի ներմուծմամբ զբաղվող առևտրականները: 

«Տնտեսվարողների հետ, որոնք հավաքվել էին Կառավարության մոտ, երեկ արդեն իսկ հանդիպել էինք Ուրբան մաքսային պահեստում: Զրույցի ընթացքում պարզվել է, որ տնտեսվարողների բարձրացրած հիմնական խնդիրը գնային քաղաքականությունն է»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Ներսիսյանը տեղեկացրեց, որ մաքսային մարմինները գների ուսումնասիրություն են իրականացնում՝ աշխատելով տնտեսվարողների հետ: Ուսումնասիրվում են տեղական, նաև այլ երկրների շուկաները, որտեղից ապրանքները ներմուծվում են: 

«Երեկ մենք ևս առաջարկել էինք տնտեսվարողներին, որ եթե մաքսայինի հաշվարկած գների հետ համաձայն չեն, ներկայացնեն այն գները, որով իրականում Թուրքիայում ձեռք են բերում ապրանքները և աշխատանքային քննարկում իրականացնեն: Երեկ պայմանավորվել էինք, որ այսօր առավոտյան ժամը 10-ին Արարատյան մաքսատան պետի մոտ աշխատանքային հանդիպում ենք ունենալու, և իրենք գներն են ներկայացնելու, բայց օրվա ավարտին տեղեկացանք, որ տնտեսվարողները որոշել են աշխատանքային հանդիպման չմասնակցել, փոխարենը Կառավարության շենքի դիմաց ցույց են անելու»,- ասաց Ներսիսյանը:

Նա նշեց, որ այսօր տնտեսվարողներից մի քանիսը եղել են իր աշխատասենյակում, քննարկվել են բարձրացված հարցերը: ՊԵԿ-ից ներկայացվել է, թե մաքսային մարմինների հաշվարկով ապրանքների ներմուծման մոտավոր ինչ գներ են նախատեսում, և, Ներսիսյանի խոսքով, տնտեսվարողներն ընդունել են, որ այդ գները խելամտության սահմաններում են:

«Օրինակ՝ ջինսե տաբատը, ըստ մաքսային մարմինների հաշվարկի, Թուրքիայում գնվում է միջինը մոտ 7 դոլարով, և այսօր բոլոր ջինս ներմուծողները, որոնք իմ աշխատասենյակում էին, համաձայնեցին, որ հաշվարկն ամբողջությամբ  համապատասխանում է իրականությանը»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ տնտեսվարողները, սակայն, հեռացել են՝ նշելով, որ իրենց բարձրացրած խնդիրը, կարծես, չի լուծվում: Ներսիսյանի խոսքով՝ նրանք ցանկանում են աշխատել այնպես, ինչպես աշխատել են նախկինում: 

«Մենք ամբողջությամբ անցում ենք կատարում ճշգրիտ հայտարարագրման մեխանիզմի, որն ապահովելու է հավասարություն հագուստի շուկայի դաշտում»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում