ՊԲ զորամասերում սկսվել է ուսումնական փուլը

ՀՀովհաննես Վարդանյան

Հանդիսավոր երթ՝ մարտական դրոշի ուղեկցությամբ: Պաշտպանության բանակի զորամասերում մեկնարկել է ուսումնական փուլը: Որ զինվորն ուժեղ ու մարտունակ լինի, հրամկազմն առաջիկա չորս ամսում հատուկ պարապմունքներով կմարզի ժամկետայիններին:

Արտյոմ Առաքելյան, ՊԲ ՄՊ բաժնի պետ - Փուլ առ փուլ՝ սկսած անհատական պատրաստությունից, այնուհետև՝ ըստ օղակների, ներդաշնակմամբ մենք կնախապատրաստենք մեր զորքերին այն ամենին, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում:  

Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը զորամասում է՝ ստուգելու ստորաբաժանումների մարտունակությունը: Նախարարը վստահեցնում է՝ խստորեն հետևելու են պարապմունքների ընթացքին, խնդիրները ստուգելու համար անակնկալ են այցելելու: «Նոր մարտահրավերների դեմ՝ նոր մոտեցումներով»,- ասում է գեներալը.

Ջալալ Հարությունյան, ՊԲ հրամանատար - Ժամանակն օրեցօր ավելի բարդ ու պատասխանատու խնդիր է դնում բանակի առջև: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ամեն մի անակնկալի և անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տանք թշնամու ամեն մի ոտնձգության:

Ֆիզիկական, կրակային պատրաստությունից մինչև մարտական արթուն հերթապահություն: Խնդիրները տարբեր են, ժամկետները՝ կարճ: Արդյունքները կամփոփեն գործնականում՝ զորավարժություններին մարտական կրակ կվարեն հրաձգային ու հրետանային զինատեսակներից: Զորամասի հրամանատարը վստահեցնում է՝ ունեն հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները.

Վահան Յայլոյան, զորամասի հրամանատար - Ուսումնանյութական բազան, մարտավարական, կրակային դաշտերը լրիվ հագեցված են մեր ունեցած նյութական միջոցներով, որը թույլ է տալիս, որ մենք պատրաստվենք մեր խնդրի կատարմանը:

«Ուստարվա երկրորդ կիսամյակն առաջինից կտարբերվի նոր լուծումներով»,- վստահեցնում են Արցախի բանակից:

Մարտավարա-շարային պարապմունքները սկզբում պարզ, հետո բարդ տարբերակով են՝ ջոկից մինչև դասակ, վաշտ, գումարտակ, իսկ հետո նաև զորամաս օղակում: Սպա լինի թե զինվոր՝ կապ չունի. «տագնապ» ազդանշանով վարժանքներն ու խնդիրները բոլորի համար են.

Տիգրան Սարգսյան, ՊԲ սերժանտ - Լավ ենք տրամադրված և հուսով ենք՝ կհասնենք մաքսիմալ արդյունքի: Ձգտելու ենք հասնել ավելի բարձր արդյունքների, քան նախորդ ուսումնական փուլերին:

Սա Տիգրանի առաջին դասը չէ: Արդեն գիտի՝ ինչպես լուծել մարտական խնդիրը: Բայց զինակիցների հետ ինքն էլ որպես կրտսեր հրամանատար վարպետանում է ու կիրառելի իրավիճակներ բեմադրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում