Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը շարունակվի մի քանի տարի և դառնա հերթական երկարատև հակամարտությունը՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսը կրկնել է՝ իրանական միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և այն պետք է ոչնչացվեր։ «Սակայն թույլ չենք տա, որ սա շարունակվի 10 կամ 15 տարի կամ նույնիսկ երկու տարի։ Վստահ եմ, որ նախագահը մեզ դուրս կբերի այնտեղից ամերիկացիների համար հիանալի արդյունքներով», – շեշտել է նա։ Վենսը հավատացրել է, որ ԱՄՆ վարչակազմում Իրանի հետ կապված հարցերում տարաձայնություններ չկան։ «Որոշումները կայացնում է ԱՄՆ նախագահը։ Իհարկե, վարչակազմի ներսում բանավեճեր և քննարկումներ լինում են այն մասին, թե կոնկրետ ինչ պետք է արվի։ Եվ դրանք հաշվի են առնվում»,- ընդգծել է փոխնախագահը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ շարունակելու են ուժեղացնել տնտեսական ճնշումը։ Զուգահեռ լուրեր են շրջանառվում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրեթե ամեն օր զանգահարում է Թրամփին՝ հորդորելով նրան վերսկսել պատերազմը, մինչդեռ ԱՄՆ նախագահը փորձում է իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։













