ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) հանդիպել է փորձագետների հետ և պատասխանել նրանց հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։
Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման մասին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու կառույցներին։
«Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության հիմնական քաղաքական նպատակներից մեկը քաղաքացիների համար այլընտրանք ստեղծելն է, քանի որ երկար ժամանակ գերիշխել է այն ընկալումը, թե Հայաստանը արտաքին քաղաքական ընտրության հնարավորություն չունի։
Փաշինյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը ժամանակին հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը, բացի ԵԱՏՄ-ից, գնալու այլ տեղ չունի։ Վարչապետի գնահատմամբ՝ այդ հայտարարությունը որոշակի քաղաքական գործընթացների պատճառ է դարձել։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի նպատակը Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելը չէ։
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերին նախատեսում է երեք այց կատարել Ռուսաստան՝ բանակցությունների նպատակով։
«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,- նշել է վարչապետը։













