Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք. Փաշինյանը՝ հեղեղումներից տուժածների ծրագրի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք, տարբեր հավելագրումներ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների փոխհատուցման համար նախատեսված ծրագրին:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հանձնաժողովն աշխատանք արե՞լ է, որ հետին թվով գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակներ չավելանան:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ աջակցության տրամադրման համար կա պայման, որ հունվարի դրությամբ պետք է գյուղատնտեսական կենդանիները հաշվառված լինեն ծխամատյաններում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց՝ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են՝ որտեղ ինչ կորուստներ են եղել, և այդ հանձնաժողովների եզրակացությունները հանրապետական հանձնաժողովների ձեռքի տակ են:

«Մենք ասում ենք՝ ելակետը հանձնաժողովի եզրակացությունն է, դա ենք համեմատելու, տեսնենք՝ եթե այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրված է, գրանցված է նաև ծխամատյանում, ապա որոշված արժեքի 100 տոկոսն ենք տալու: Եթե այդ հանձնաժողովները արձանագրել են, գիտեն հարևաններով, որ տանը 2 խոզ է եղել, նայում ենք, տեսնում ենք, որ ծխամատյաններում գրանցված չի եղել, հաշվի առնելով, որ ծխամատյանում գրանցելու ավանդույթն ընդունված չէ, այդ դեպքում կեսը կտանք ամբողջ արժեքի»,- ասաց փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների աջակցության ծրագրի համաձայն՝ աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված, կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ ցուլ (1 գլխի համար)՝ կտրամադրվի 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար, խոզ՝ 100 հազար, խոճկոր՝ 40 հազար, ոչխար և այծ՝ 50 հազար, գառ՝ 40 հազար դրամ, ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000, հնդկահավ՝ 7000, մեղվափեթակ՝ 60 հազար, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 2400 դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում