Արդեն նոյեմբերին թուրքերը մեզ գտան ու գերի վերցրեցին. հրամանատարի գործով հարցաքննվել են տուժողները

ԼԼիլիթ Ասատրյան

44-օրյա պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատարանում ցուցմունք է տալիս Կարեն Մանուկյանը: Նա մեկն է այն զինծառայողներից, որ նահանջել էին դեպի Հադրութի Վանք գյուղ ու մի քանի օր անց՝ գերեվարվել: Մանուկյանը գերությունից վերադարձել է 2021-ի փետրվարին: Պատմեց՝ 3 ամսվա զինծառայող է եղել, Իշխան Վահանյանին տեսել է Հադրութում, երբ բարձրացել են Խուռհատ սար՝ մարտական գործողությունների: Ըստ մեղադրանքի՝ մարտական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 10-ին: Թե հարձակման ժամանակ ով ինչ հրաման է տվել, տուժողը չգտեր, քանի որ հրամանները ոչ թե ռադիոկապով, այլ միմյանց փոխանցելով են հասել իրեն:

Կարեն Մանուկյան (տուժող) - Խառնաշփոթ էր տեղի ունենում, որովհետև հակառակորդը տարբեր ուղղություններից կրակում էր, ստորաբաժանումը չէր հասկանում` ով, որտեղից, ոնց արժի նահանջ տալ, ու դրա պատճառով էլ տարբեր ուղղությամբ էին նահանջել:

Տուժողն ասաց՝ հարձակման ժամանակ նահանջել են, բայց իրենց հետ սպաներից միայն կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն է եղել: Պատմեց, որ նահանջի ժամանակ 100 հոգով իջել են դեպի Հադրութ, կրկին հարձակում է եղել, հակառակորդը նաև նռնակներ է կիրառել, ինչի հետևանքով նաև ինքն է վիրավորվել:

Կարեն Մանուկյան - Էդ պատճառով մնացինք հենց Վանք գյուղի մեջ, որովհետև շատերս վիրավոր էինք ու չէինք կարողանում շարժվեինք: Արդեն նոյեմբերին թուրքերը մեզ գտան ու գերի վերցրեցին:

Մեղադրողի հարցին՝ ինքն ինչ հոգեվիճակում է եղել, արդյոք ի վիճակի է եղել իրեն տված հրամաններն ընկալել և դրանք կատարել, Կարեն Մանուկյանը դրական պատասխան տվեց.

«Ինձ թվում ա` ինձնից ինչ կախված էր որ ես կարայի անեի, արել եմ ու աշխատել եմ անեմ, ունակ ֆիզիակապես եղել եմ, բարոյահոգեպես առավել եւս վախը կարելի ա կառավարել ճիշտ»:

Այն, ինչ տեղի է ունեցել, տուժողի բնորոշմամբ՝ դավաճանություն էր:

Կարեն Մանուկյան - Պետք ա Վահանյան Իշխանը իրա տեղում, դերում լիներ, որ բանը չհասներ նրան, որ մենք շրջափակման մեջ ընկնեինք:

Դատարանում ցուցմունք տված մյուս տուժողն էլ Մանուկյանի հետ նույն ուղղությամբ նահանջած, 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո փրկված տղաներից Արթուր Հարությունյանն էր: Նա պատմեց, որ 3 ամսվա զինծառայող է եղել, ավագ հրաձիգ: Ասաց՝ Խուռհատ սարի վրա դիրքավորված սպասում էին մարտական հրամաններին, բայց երբ հակառակորդը սկսեց կրակել, հրաման չեն ստացել, թե որ ուղղությամբ պաշտպանություն իրականացնեն, հիշեց միայն նահանջի հրամանը:

Արթուր Հարությունյան (տուժող) - Երբ հարձակում է իրականացվում մեզ վրա, սկսվում է նահանջ, և այդ ժամանակ Իշխան Վահանյանը ասում է, որ վիրավոր է, և ինչ որ մեքենայով գնում է: Ես ինքս չեմ տեսել որևէ վերք, արյուն կամ ինչ-որ վնասվածք նրա վրա:

Տուժողն ասաց՝ Վահանյանն այդ ժամանակ իրենից 2 մետր հեռավորության վրա է եղել, նկատել է նրան կաղալիս, բայց այն ժամանակ, երբ հայտարարել է, թե վիրավոր է: Նահանջի ժամանակ տուժողն ասաց` ծանր հոգեբանական վիճակում է եղել, բայց ի վիճակի էր լսել ու կատարել հրամանները: Ստորաբաժանման նախկին հրամանատարական կազմը մինչդեռ հայտնել է, թե զորքը խուճապի մեջ էր ու արդյունավետ չէր լինի հրամաններ տալը:

Արթուր Հարությունյան - Իմ համար աբսուրդ ա դա ուղղակի, նույնիսկ եթե այդպես ա, հրամանատարները պատասխանատու են զորքի համար, պարտավոր են մինչև վերջ կազմել այնպես, որ զորքը չմնա և չզոհվի առանց հրամանատարի:

Արթուր Հարությունյանը պատմեց, որ նահանջել են դեպի Հադրութ, ընկել շրջափակման մեջ՝ մինչև դեկտեմբերի 20-ը:

Տուժողների հարցաքննությունը կշարունակվի մյուս նիստին, նրանց դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Ըստ մեղադրանքի` Վահանյանը ոչ միայն լքել է մարտադաշտը, այլև իր հետ է տարել վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, որոշների գտնվելու վայրը անհայտ է:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում