100 հայտ է ստացվել. Առաջին ալիքը ընտրում է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան պատվիրակին

ԼԼիլիթ Ասատրյան

Եվս 4 ամիս, և «Մանկական Եվրատեսիլը» 21-րդ անգամ հետաքրքիր ու վառ շոու կներկայացի երաժշտասերներին: Եվրատեսիլյան վառ գույներին նախորդում է վճռորոշ և բարդ գործընթաց՝ նախընտրական փուլը։ Առաջին ալիքը ընտրում է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան պատվիրակին:

Դավիթ Ծերունյան («Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար) - Այս ամիսների ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 100 հայտ և այդ 100-ից առանձնացրել ենք այն 20 լավագույն պատանի կատարողներին, որոնք այսօր այստեղ են ելույթ ունենալու արդեն պրոֆեսիոնալ ժյուրիի առջև:

Լսումների ընթացքում 9-ից 14 տարեկան մասնակիցները ներկայացնում են 2 երգի կենդանի կատարում: Փոփից մինչև ռոք, դասականից մինչև ջազային.... Մասնակիցները միմյանցից տարբերվում են ոչ միայն երաժշտական նախասիրություններով, այլև կատարողական հմտություններով, զգացմունքայնությամբ և էներգիայով:

Սոնա Ռուբենյան - Ֆավորիտներ արդեն կան, շատ տպավորված եմ, որովհետև շատ լավ երեխեք են, շատ սիրուն են երգում ու շատ, ինչը ամենակարևորն է ինձ համար, մտածելով են երգում, հոգով են երգում, և իրենք զգում են՝ ինչ են երգում, ինչի մասին են երգում:

Ժյուրիի կազմում է նաև «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, ասում է՝ իր համար բարդ է ժյուրիի դերում լինելը:

Մալենա («Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող) - Երեխաների հետ հավասար հուզվում եմ ու հիշում եմ, որ ես էի իրենց տեղում, ինչքան հուզմունք ունեի: Մասնակիցներին շատ-շատ եմ հավանում, կարծում եմ՝ շատերը ունեն խարիզմա ու այն տվյալները, որոնք պետք են հաղթանակի համար:

Եվրատեսիլյան երաժշտական գունապնակի մաս դառնալը նախընտրական փուլի մասնակիցներից շատերի երազանքն է:

Արման Մինասյան (Եվրատեսիլ 2023-ի նախընտրական փուլի մասնակից) - Շատ հաճույք ստացա իմ երգելուց, էդ ամենակարևորն է, ինչը կարող եմ ես անել այստեղ:

Լեո Մկրտչյան (Եվրատեսիլ 2023-ի նախընտրական փուլի մասնակից) - Ինձ թվում է` ես լավ ելույթ ունեցա, բայց դա դեռ չի նշանակում, որ ես ամենալավն եմ երգել, կարող է` ինձանից լավ երգող լինի:

Դավիթ Ծերունյան - Լսումների փուլի ավարտից հետո պրոֆեսիոնալ ժյուրին հաշված օրերի ընթացքում կընտրի, թե ով պետք է ներկայացնի Հայաստանը, հետո բարդ աշխատանք է սպասվում, քանի որ նրա համար պետք է գրվի երգ, նկարահանվի տեսահոլովակ, հետո մտածենք բեմադրության մասին:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Ֆրանսիայի Նիս քաղաքում` 2022 թվականին Երևանում անցկացված մրցույթում Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոյի հաղթանակի շնորհիվ:

Հեղինակ` Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում