Երևանը կունենա «Կանաչ զարգացում» հարթակ քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման համար

ԼԼիլիթ Ասատրյան

Մայրաքաղաքում քաղաքացիներին անհանգստացնող բնապահպանական խնդիրները լուծելու համար մինչև տարեվերջ Երևանը կունենա «Կանաչ զարգացում» նոր հարթակ, որտեղ կառանձնացվեն քաղաքի էկոպրոբլեմներն ու դրանց լուծման ծրագրերը:

Նոր հարթակը կյանքի կկոչվի «Տեղական բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության աջակցությամբ: Հայաստանը համաշխարհային այս ձևաչափին միացել է 2011 թվականին: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, ավելի թափանցիկ դարձնել պետություն-քաղաքացի հարաբերությունները:

Նախաձեռնության համակարգող մարմինը միջկառավարական հանձնաժողովն է՝ բաղկացած ութ հիմնադիր պետությունից` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Միացյալ Թագավորություն:

Արմեն Հարությունյան (Երևանի քաղաքապատերանի զարգացման ու ներդրումային ծրագրերի վարչության պետ) - Մենք նախատեսում ենք մեր պաշտոնական կայքում՝ yerevan am -ում, ունենալ հարթակ, որում երևանցին կկարողանա տեսնել Երևանի քաղաքապետարանի կողմից կանաչ միջոցառումները տարբեր ոլորտներում: Այսինքն` կլինեն առանձնացված ոլորտներ` տրանսպորտը, էներեգախնայողությունը, բնապահպանությունը, կլիմայի մեղմումը, և այնտեղ մանրամասն կտեղադրվեն այն ծրագրերը, որոնք Երևան համայնքը պատրաստվում է իրականացնել կամ արդեն իսկ իրականացրել է:

Ծրագրի կարևոր նպատակներից է` կրճատել քաղաքացիների ու համայնքային ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների էներգիայի սպառումը։ Քաղաքապետարանը կունենա նոր հաստիք՝ էներգետիկ մենեջեր, որը կիրականացնի մոտ 320 հասարակական շենքերի Էլեկտրականության և գազի սպառման մոնիտորինգ, կսովորեցնի` ինչպես խնայել ու արդյունավետ օգտագործել էներգիան։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև սահմանել «Կանաչ կնիք» մրցանակաբաշխություն` համայնքին ենթակա կազմակերպությունների էկոծրագրերն ու
առաջարկները գնահատելու համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ մայրաքաղաքի բնապահպանական գլխավոր խնդիրները 4-ն են՝ ջրերի, էկոհամակարգի պահպանություն, կանաչապատում, մթնոլորտային օդի աղտոտվածություն, որն էլ իր հերթին երեք պատճառ ունի:

Գորիկ Ավետիսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանութան վարչության պետի տեղակալ) - Հանքերի շահագործումն է, երկրորդը շինարարություններն են, որոնք վերջին տարիներին բավականին ակտիվ տեղի են ունենում Երևան քաղաքում, և երրորդը տրանսպորտն է։

Երևանում այժմ գործում է 21 հանք: Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար քաղաքապետարանը սահամանափակել է հանքերի շահագործման թույլտվությունների տրամադրումը:

Մթնոլորտում առկա մանրահատիկ փոշու քանակը վերահսկվում է Երևանի տարբեր հատվածներում տեղադրված 5 չափիչ սարքի միջոցով: Կախված աղտոտվածության չափից` կատարվում է հետևալ դասակարգումը` լավ, միջին, ոչ առողջ, շատ վատ և վտանգավոր։

Գորիկ Ավետիսյան - Այս գունավորմամբ արդեն երևում է` եթե ոչ առողջ է, խորհուրդ չի տրվում բաց տարածքներում գտնվել,կամ շնչել այդ օդը կամ՝ շնչել հատուկ դիմակների միջոցով և այլն, իսկ լավ և միջին արժեքների դեպքում որևէ խնդիր գոյություն չունի։

Չափման պահին Երևանի օդի գնահատականը լավ էր, վիճակը միջին էր միայն Տիգրան Մեծ փողոցի շրջակայքում, պատճառը գերբեռնված երթևեկությունն էր: Վերջին օրերին օդի աղտոտվածության աստիճանը մայրաքաղաքում նվազել է: Ըստ մասնագետի` դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու քաղաքապետարանի խստացված հսկողությամբ:

Քաղաքացիների համոզմամբ` խնդիրները չեն լուծվի, մինչև չփոխվի հանրության վերաբերմունքը:

Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում