Արզումանյան փողոցի 4-րդ կարգի երկու վթարային շենքի բնակիչներին նոր բնակարանի այլընտրանք է առաջարկվել

ԼԼիլիթ Դանիելյան

Բնակիչ-ներդրող-քաղաքապետարան գործակցության մոդելը, որ փորձարկվում է Արզումանյան 10 և 17 շենքերում, բնակիչների մի քանիսի սրտով չէ, մի մասն էլ արդեն ճամպրուկային տրամադրությամբ է: Երևանի քաղաքապետարանը այս մոդելով փորձում է 4-րդ կարգի վթարային շենքերից ազատվել, փոխարենը բնակիչներին գումար հատկացնել ժամանակավոր վարձակալության համար, այնուհետև նորակառույց շենքերում նույն քառակուսի մետրի չափով բնակարան հատկացնել: Ամիսներ շարունակվող քննարկումը այդպես էլ վերջնական լուծում չի ստանում: Երկու շենքի ավելի քան 70 բնակարանի սեփականատերերից մի քանիսը արդեն դատարան են դիմել:

Բնակիչ - Դատարանը դեռ օր չի նշանակել:

- Քանի՞ բնակիչ ա դատարան դիմել:

- 4 բնակիչ համաձայն չենք, թող բնակարան տան մեզ ու էս շենքը քանդեն:

Բնակիչ - Դեմ ենք, թող տունը տան, մենք գնանք, իսկ եթե չեն տալիս, ո՛ւր գնանք:

- Բա ի՛նչ եք անելու:

- Դեռ ոչինչ չգիտենք:

Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Իրենք դիմել են դատարան, խնդրել էին, որ գործընթացը կասեցվի, որը մերժվել է դատարանի կողմից: Բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, որտեղ նույնպես չի կասեցվել: Այս պահին կա քննվող գործ, կնշանակվի նիստ, կգնանք կհասկանանք:

Երևանի փոխքաղաքապետը հստակեցնում է՝ այդ երկու շենքը քանդելով քաղաքապետարանը նպատակ ունի ապահովել բնակիչների անվտանգությունը:

Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ստեղ քաղաքապետարանը ինչ-որ շահ չունի, աչք չունի, էդ ծրագրի իրականացումը պետք է նրա համար, որ քաղաքացիների կյանքը, որ ամեն րոպե վտանգված ա, վերացվի, ու դրանցից մի քանիսի բողոքի պատճառով չպետք ա մնացածը տուժեն:

Ժաննա Շաքարյան (բնակիչ) - էս ա, վերջինը սա ա, էս գրությունն ա:

60 թվականից այդ շենքում բնակություն հաստատած տիկին Ժաննան ցույց է տալիս քաղաքապետարանից ստացած փաստաթղթերն ու ասում՝ եկել-չափել-նկարել են: Ինքը դրանցից քիչ բան է հասկանում, միայն գիտի, որ ինքն ու 87-ամյա ամուսինը, որոնք շենքի ամենածեր բնակիչներն են, այդ տարիքում նման քաշքշուկի մեջ հայտնվել չեն ցանկանում, նորակառույց շենքում տան առաջարկն էլ իրենց չի հետաքրքրում: Շենքից դուրս կգան մի պայմանով՝ եթե նույն թաղամասի այլ շենքում իրենց համար բնակարան գնվի:

Ժաննա Շաքարյան - Թե ոչ, թող էսպես մնա, ինձ էդքան գումարը չի հետաքրքրում, ինչքան ապահովությունը: Ինձ էն ա կարևոր, որ ապահովեն բնակարան:

Արդյոք հնարավո՞ր է, որ, օրինակ՝ այս բնակչի առաջարկած տարբերակով՝ հարևանությամբ այլ բնակարանի հատկացման տարբերակով որոշ բացառություններ լինեն, թե՞ որոշումը պարտադիր է լինելու բոլորի համար:

Սուրեն Գրիգորյան - Եթե տեսականորեն բացառություն լինի, էդ բացառությունը պետք ա ունենա տրամաբանություն և, ամենակարևորը՝ պետք է 100 տոկոս լինի, թե ինչի՛ այն չի կիրառվում մյուս բնակիչների նկատմամբ:

Անուշ Բաղդասարյան (բնակիչ) - Մենք հուսով ենք, որ քաղաքապետարանը ի վերջո կգա մի տարբերակի և ոչ թե կստիպի իմ թոշակառու ծնողներին տեղափոխվեն որտեղ ապրեն, հայտնի չի՝ 2 տարի հետո կավարտվի՞, չի՞ ավարտվի:

Գրիգորյանի խոսքով՝ գործընթացը երկարաձգելով, բարդացնելով՝ ոչ ոք շահեկան դուրս չի գա: Այն, որ Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչների բնակապահովման ամբողջ պատասխանատվությունը քաղաքապետարանը վերցնում է իր վրա, հստակ նշվել էր առաջին օրվանից: Անգամ եթե կառուցապատողը սնանկանա:

Սուրեն Գրիգորյան - Քաղաքապետարանը վճարելու ա այնքան գումար, ինչքան կտևի շինարարությունը: Աստված մի արասցե՝ համաճարակ, պատերազմ կլինի, մեր պարտավորությունը չի դադարում:

Ե՛րբ շենքը կքանդվի, ու տեղում նորը կկառուցվի՝ Գրիգորյանը հստակ ժամկետ չնշեց, բայց վստահեցրեց՝ առաջիկայում ևս հանդիպում-քննարկումներ են լինելու բնակիչների հետ, և վերջնական ընդհանուր հայտարարի չգալու դեպքում միայն ստիպված հարկադիր կարգով են խնդրին լուծում տալու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում