Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը

ՆՆարե Ոսկանյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում այսօր վերընտրվեց Արմեն Մուրադյանը: Թեկնածուն մեկն էր, մրցակցություն չկար: Հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ անցկացվում էր ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, դռնփակ էր, և նկարահանման հնարավորություն միայն վերջում եղավ: Նիստին ներկա էր խորհրդի 20 անդամներից 19-ը: Բոլորը քվեարկել էին Արմեն Մուրադյանի օգտին:

Մինչև ընտրությունը, թեկնածուն խորհրդին է ներկայացրել բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը: Անելիքներից նա հետևյալն առանձնացրեց.

Արմեն Մուրադյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր - Միջագգայնացումը: Ես կարծում եմ՝ սա մեր մարտահրավերն է, որ մենք պետք է արձագանքենք, և բժշկական կրթություն մատուցելու այն կոշտ մրցակցությունը, որ այսօր աշխարհում կա, ներառում է ոչ միայն բարձր որակի բժշկական կրթություն, ժամանակակից հիվանդանոցային համալիրներ, նորարարություններ, չափելի գիտություն, այլ այդ ամենը ճանաչելի, հաշվառելի դարձնելը, ինչը թույլ կտա ոչ միայն արտահանել, ի դեպ, ամեն չորրորդ ուսանողն ունենք արտասահմանցի, մենք ձգտելու ենք ամեն երկրորդն ունենալ արտասահմանցի՝ մեր թողունակությունից ելնելով, դա թույլ կտա նաև Հայաստանի ներսում փոխել բժշկական կրթության մոտեցումները և, առհասարակ, որակը:

Անդրադառնալով փաստին, որ ինքը Բժշկական համալսարանի ռեկտորի միակ թեկնածուն էր, Մուրադյանն ասաց.

Արմեն Մուրադյան - Կարծում եմ, որ այստեղ պերսոնաֆիկացման խնդիր չէ, մեծ թիմ է աշխատում, որը շատ մարտական իրավիճակում է, սպորտային, բարձր կարգավիճակ ունի և այդ ընթացքից դադարեցնելը, կարծում եմ, ճիշտ չէր: Սա էր պատճառը, որ այլ թեկնածուներ չկային:

Նախորդ հինգ տարիներին պաշտոնավարած Մուրադյանը, գործող կարգի համաձայն, այդ ընտրության ժամանակ էլ բուհի զարգացման ծրագիր էր ներկայացրել: Բուհի բարձագույն կառավաման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանից հետաքրքրվեցինք, թե վերընտրված ռեկտորի նախորդ ծրագիրը քանի տոկոսով է կատարվել:

Միքայել Ադամյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ - Հաշվետվություն ունենք, նախկին ծրագիրը բավականին լավ արդյունքներ է գրանցել, ունենք բավականին մեծ ձեռբերումներ՝ սկսած շինարարական աշխատանքներից, նոր հիվանդանոցների ձեռքբերումից, ֆինանսական բավականին դրական արդյունքներ կան գրանցված:

Արմեն Մուրադյանն առաջին անգամ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականին: Վերընտրվելուց հետո հնարավորություն ստացավ պաշտոնավարել ևս 5 տարի:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում