«Կարոտի նռնենին». տեսահոլովակ ու դասասենյակ՝ նվիրված Շանթ Նավոյանի հիշատակին

ԳԳոհար Սարգսյան

Պայթյունը մի պահ խլացրել էր: Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել: Իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին:

Մարտական ծառայության մեդալակիրը այսպես է պատմել 44-օրյա պատերազմի ժամանակ իր կյանքը առաջին անգամ փրկած նռնենու մասին։ Այն, սակայն, հաջորդ հարվածը չկարողացավ պահել․ փոշիացել էր։ Շանթ Նավոյանը նույնիսկ պատերազմի ժամանակ՝ արկերի ձայների տակ հասցրել է զգացածը նոթատետրին փոխանցել։

Սիրում էր լուսանկարչությունն ու ֆիլմարտադրությունը։ Նկարել է կարճամետրաժ ֆիլմեր։ Նույնիսկ գորշ օրերում գեղեցիկը փնտրող Շանթը կդառնար 20 տարեկան։ Դպրոցում, որտեղ նա սովորել է 12 տարի, ասում են փոքր ժամանակ արդեն աշխարհին նայում էր այլ կերպ։

Լիանա Հարությունյան (Շանթ Նավոյանի առաջին ուսուցչուհին) - Շանթը, ունենալով ներքին ազատություն և մաքրություն, պիտի ապրեր իր ձևով՝ շանթավարի։ Ազնիվ, ուրախ էր, կյանիքին նայում էր իր աչքերով:

«Էլիտա» դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրում է Շանթ Նավոյանի անունը։

Լիանա Հարությունյան - Նա կենդանի է։ Բոլոր կենդանի մարդկանցից ամենակենդանին է, ինչպես մեր բոլոր նահատակված զինվորները։ Փառք ու պատիվ նրանց, հանձին Շանթի:

Այժմ այդ դպրոցի փոքրիկները խնդրում են, որ հենց իրենք նստեն ծայրի աթողին՝ Շանթին մոտ։

Էլեն Նավոյան (Շանթ Նավոյանի մայրը) - Մեծ հպարտություն եմ զգում, որ նախ ունեմ իրավունքը Շանթի մայրը կոչվելու, որովհետեև արժանիք է։ Դասասենյակի բացումը ևս մեկ քայլ է Շանթի կենդանությունը մշտապես պահելու համար։ 

Շանթի մտքերն ու ապրումներն ամփոփվել են նրա հուշերի հիման վրա հրատարակված գրքում: Հիմա արդեն նրա ծննդյան 20-ամյակին ներկայացվեց նաև տեսահոլովակ։

Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Արսեն Գրիգորյանը։ «Կարոտի նռնենին» կատարում է Սոնա Ռուբենյանը։ Տեսահոլովակում Շանթի քույրն է։

Նարեկ Հակոբյան (Hakobyans brothers ընկերության պրոդյուսեր) - Մենք հանդիսատեսին պետք է մատուցեինք Շանթի աշխարհը՝ իր գույներով. որքան էլ տեսահոլովակը սև ու սպիտակ է, բայց Շանթի այդ գույները մենք փորձել ենք հանդիսատեսին որքան հնարավոր է ներկայացնենք։ 

Շանթի մայրը չի հավատում պատահականություններին։ Երգի խոսքերը պատրաստ են եղել այս տարի՝ հենց սեպտեմբերի 27-ին։

Էլեն Նավոյան - Սա Շանթի վերածնունդն է նաև, երգը Շանթ է։ Իսկապես չէի պատկերացնում, որ մեջը այսքան Շանթ պետք է լինի:

Շանթ Նավոյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ասում էր՝ մենք լույս կդառնանք, որ երբ պետք գա, հանգչենք՝ առանց հարցնելու՝ ինչից կամ ինչու։

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում